
Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման կարևորությունը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրն անհապաղ ավարտին հասցնելու և կնքելու կարևորությունը։
Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղարն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բլինքենը կրկնել է, որ Միացյալ Նահանգները ցանկացած ձևով հավատարիմ է մնում կողմերի համար օգտակար հետագա ներգրավվածությանն աջակցելուն:
«Շեշտելով Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ պետքարտուղարն ընդգծել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցության անհրաժեշտությունն ընդհանուր կլիմայական և էներգետիկ նպատակներին հասնելու համար: Էնթոնի Բլինքենը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է COP29-ի բարեհաջող անցկացմանը նպաստելուն և կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը նորից կոչ է արել Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։
«Նա Ադրբեջանին կոչ է արել դա անել հնարավորինս շուտ»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցչի հայտարարության մեջ: