
Դեռ վաղ է խոսել. Նարիշկինը՝ ՀՀ-ում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման հավանականության մասին

Հայաստանի տարածքում ամերիկյան ռազմական բազաների հայտնվելու հնարավորության մասին դատողություններ անելու համար դեռ վաղ է։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Առայժմ վաղ է այդ մասին խոսելու համար»,-ասել է Նարիշկինը՝ պատասխանելով այն հարցին, թե արժե՞ արդյոք սպասել հանրապետությունում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն՝ Երևանի քաղաքականության մեջ փոփոխություններով պայմանավորված:
Նշենք, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը կամրապնդեն փոխգործակցությունն անվտանգության ոլորտում և միտված կլինեն համագործակցության կարգավիճակը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի: