ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանն այսօր կժամանի Հայաստան
ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է, որ այսօր՝ հունիսի 17-ին, Երևանում մեկնարկելու է ամերիկա-հայկական համաժողովը, որին մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանի գլխավորած պատվիրակությունը։
«Համաժողովը, որն իր տեսակի մեջ առաջինն է, միավորում է ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև Նահանգների ղեկավարներին։ Նրանք հունիսի 17-ից 18-ը կքննարկեն քաղաքացիական հասարակության և ազատ լրատվամիջոցների հետ համագործակցության, թափանցիկության ու հաշվետվողականության, արդար ընտրությունների և այլ ոլորտների միջոցով տեղական մակարդակում ժողովրդավարության կառուցման հարցեր: Հունիսի 18-ին, պատվիրակները կմեկնեն Գյումրի, կհանդիպեն նաև պաշտոնյաների հետ»,- հայտնել են Պետդեպից։
Համաժողովի բացման նիստում համայնքային ղեկավարները կհայտարարեն Մոնտանա նահանգի Հելենա քաղաքի և Ստեփանավան համայնքի միջև նոր քաղաքային և տարածաշրջանային, Փենսիլվանիայի Սկրանթոն քաղաքի և Արմավիր համայնքի, ինչպես նաև Միչիգան նահանգի և Տավուշի մարզի միջև գործընկերություն ստեղծելու մտադրության մասին։
Նշվում է, համաժողովի երկրորդ օրը՝ հունիսի 18-ին, պատվիրակները կմեկնեն Գյումրի, կհանդիպեն քաղաքապետարանի պաշտոնյաների հետ, կայցելեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոն և խոր քննարկումներ կանցկացնեն այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ՏՏ զարգացումը, պետական-մասնավոր համագործակցության խթանումը, կլիմայի փոփոխություններին արձագանքը և զբոսաշրջության խթանումը։