Այս իշխանությունն ունի երկու ֆունկցիա

Շարժման իրական «զենքը»

Հասկանում եմ , որ էմոցիաները շատ են՝ հունիսի 12-ից  հետո և շարժման ապագայի շուրջ, և դա բնական է, բայց առաջ պետք է գնալ ռացիոնալ փաստարկների վրա հենվելով։

– Հայաստանում ձևավորվել է ինքնատիպ իշխանություն. դա պետությա´ն իշխանություն չէ, դա պետության անկման մի փուլում հայկական ռեզերվացիայի կառավարման մարմինն է։ Սուտը, բերետը և նրանց արդարացնողներն են իշխող էլիտան։ Պայքարը սրա դեմ պետք է լինի։
– Պարագլուխը հայտարարում է «ուժեղ իշխանության» վճռականության մասին։

«Ուժեղ իշխանության» տակ հասկացվում է. ամեն ինչի պատրաստ կարմիր բերետավորներ, Կարեն Քոչարյանի դիպուկ գնահատմամբ՝ բարեփոխված գեստապո, «ուժեղ» քննչական կոմիտե և դատարաններ, որոնք պատրաստ են ցանկացածի վրա քրեական գործ հարուցել ու կալանավորել։

Այս իշխանությունն ունի երկու ֆունկցիա՝ պահել իշխանություն և բավարարել հարևանների ու միջնորդների ազգային շահերը։ Իշխանության զենքերն են սուտը, բերետը և իրենց արդարացնողները։ Հենց այս կոնստրուկցիան պետք է կարողանանք քանդել։ Հակազենքը պետք է ճիշտ գտնել։

Սուտը

Հաննա Արենդտն ասում էր. «Ֆաշիստները երբեք չեն բավարարվում սովորական ստով. նրանք իրենց սուտը վերածում են մի նոր իրականության և ստիպում, որ մարդիկ հավատան իրենց ստեղծած այդ «անիրականությանը»։ Եվ հենց մարդիկ դրան հավատան, նրանց կարելի է համոզել անել ՑԱՆԿԱՑԱԾ բան»։
Մենք գտնվում ենք հենց այս վիճակում, և պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելն ու որոշակի քանակի մարդկանց համոզել կարողանալը հենց այս տրամաբանության մեջ է։

Բերետը

Ես ունեմ խոր մտավախություն հետևյալի շուրջ. ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը, այնպես էլ մի օր հանգիստ վերաբերվելու է թուրքական բայրաքթարների կիրառմանը Երևանի այս կամ այն հատվածում։ Սա  էպատաժային ձևակերպում չէ։ Մենք աստիճանաբար կորցնում ենք միասնական Երևանի, միասնական հասարակության ընկալումը։ Պաղեստինցիների փախստականների մի ճամբարը կարող է ռմբակոծվել, կողքինը՝ դեռ խաղաղ ապրել։ Փաստ է, որ ամբողջական Երևանը չվիրավորվեց, Երևանը չընդվզեց, որ իր կենտրոնում խաղաղ մարդկանց վրա ՄԵԿ-ի ցուցումով զենք կիրառեցին։ Ուրեմն ինչո՞ւ պիտի Երևանն ընդվզի, եթե այդ զենքը կիրառի ա´յլ պետության ՄԵԿ հոգին։ Մենք սկսել ենք չընդվզել։

Արդարացնողները

Այս իշխանության նեղ խմբի լեգիտիմության ամենամեծ աղբյուրը նրանց արդարացնողներն են։ Հաջորդիվ այս իշխանությանը «լեգիտիմություն» տալիս են երկերեսանիները, ովքեր մի միջավայրում խոսում են սրանց հեռացման անհրաժեշտության մասին ու իբր մտահոգ են տեղի ունեցող պատմական ողբերգություններով, բայց այլ միջավայրերում, պարզվում է, լավ էլ «նիկոլական» են ու օգտվում են հնարավոր բոլոր բարիքներից։ Սրանք անհատներ չեն, սա արդեն սոցիալական շերտ է։
Նրանք մենթալ խոպանի մեջ են. լինել կուշտ, հնարավորինս անվտանգ, ու անկարծիք։ Մենք պետք է սա, իհարկե ցավով, ընդունենք, որպեսզի ճիշտ կազմակերպենք մեր անելիքը։

Շարժման շարունակությունը

Սկզբնական փուլում այս շարժումը ստացավ կարևոր բնորոշում՝ ճշմարտության շարժում։ Եվ դրա շնորհիվ այն թափ հավաքեց։ Բայց հավաքեց կիսաթափ, որովհետև ասվում էր կիսաճշմարտությունը (տարբեր պատճառներով)։
Ավելի մեծ թափի համար, ավելի լայն համախմբման համար ավելի շատ ճշմարտություն է պետք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Այս անասնական իրավիճակի դեմ կենսական հակաթույնը ճշմարտությունն է։
Ինձ չմեղադրեք տեսական դաշտ մտնելու մեջ. ես շատ ռացիոնալ պայքարի կողմնակիցն եմ և մասնակիցը։ Պարզապես ճշմարտության շարժումը իմ կարծիքով ամենազորեղ զենքն է երկրում էական փոփոխություններ անելու համար։ Մենք պետք է այս շարժման բովանդակությունը վերափոխենք ճշմարտության և արդարության շարժման։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս