Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ
Թաիլանդում հունիսի 16-ին մեկնարկել և ընթանում է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը:
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ մանրամասնելով, որ նահանգային մակարդակով սկսվել է Թաիլանդի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) ընտրությունների երկրորդ փուլը 23,6 հազար թեկնածուների մասնակցությամբ։
Երկրի սահմանադրության համաձայն՝ 250 տեղանոց Սենատը պետք է հնգամյա ժամկետով փոխարինվի 200 սենատորով: Նոր Սենատը կազմված կլինի 20 սոցիալական և մասնագիտական խմբերից:
Մինչ քվեարկության մեկնարկը՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև 09:00-ն, տեղի է ունեցել երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ստացած թեկնածուների գրանցումը։ Նրանք, ովքեր չեն հասցրել ժամանակին ավարտել այս ընթացակարգը, զրկվել են ընտրություններին մասնակցելու իրավունքից։
Այսօրվա քվեարկության արդյունքներով, որն անցկացվում է Թաիլանդի 77 նահանգներում, սենատորների մանդատների համար պայքարում կմնա 3080 մասնակից։
Ընտրական գործընթացը բաղկացած է երեք փուլից և հիմնված է համապատասխան խմբում միմյանց օգտին քվեարկելու սկզբունքի վրա։ Յուրաքանչյուր խմբից ամենաշատ ձայներ ստացած 10 թեկնածուները կդառնան սենատոր։ Շարքային ընտրողները չեն մասնակցում ընտրություններին. քվեարկության առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 9-ին շրջանների մակարդակով՝ ավելի քան 46 հազար թեկնածուների մասնակցությամբ։ Եզրափակիչ փուլը կկայանա հունիսի 26-ին հանրապետական մակարդակով, իսկ ընտրությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 2-ին։