Իսրայելի բանակը հայտնել է Գազայում «մարտավարական դադարի» մասին
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում «ռազմական գործողություններում լոկալ մարտավարական դադար» է սկսել Քերեմ Շալոմ անցակետից դեպի Սալահ ալ-Դին ճանապարհ տանող տարածքում: Ամեն օր ժամը 8:00-ից 19:00-ն կգործի «տակտիկական դադար»:
«Սա լրացուցիչ քայլ է մարդասիրական օգնության ջանքերի շծրջանակում, որոնք Իսրայելի պաշտպանության բանակը և COGAT-ը ձեռնարկում են պատերազմի սկզբից ի վեր», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի թելեգրամյան հայտարարության մեջ:
Իսրայելական բանակը նշել է, որ առաջին «դադարը» տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 15-ին։ Քերեմ Շալոմ անցակետը գտնվում է անկլավի հարավում՝ Եգիպտոսի հետ սահմանին, Սալահ ադ-Դին ճանապարհը գնում է դեպի Գազայի հատվածի հյուսիսային հատված։
Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ ասվում է, որ որոշումն ընդունվել է «ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների հետ լրացուցիչ քննարկումներից հետո»:
«Մարտավարական դադարների» նպատակը, ինչպես հայտարարել է իսրայելական բանակը, կլինի մարդասիրական մատակարարումների ծավալների ավելացումը։
Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ-ի բանաձևը Գազայի հատվածում հրադադարի փուլային ծրագրի վերաբերյալ։ Այն ենթադրում է հրադադար, ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատում և անկլավից իսրայելական բանակի դուրսբերում: Բանաձևը նաև մերժում է Գազայի ժողովրդագրական կամ տարածքային փոփոխությունները։