Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիները, մշակաբույսերի դաշտերը. համայնքապետարան
Նախօրեին ուժգին կարկուտը Գորիս համայնքում, հատկապես` Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում բնակիչներին զրկել է հիմնական եկամտի աղբյուրից՝ լիովին ոչնչացրել է պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը: Հայտնում են Գորիսի համայնքապետարանից:
Ընդամենը կես ժամում ծաղկող այգիներն ու հասունացող բերքը հողին է հավասարեցրել: Բնակավայրերում ոչինչ չի մնացել առատ բերք խոստացող հողատարածքներից: Բնակավայրերի համար գյուղատնտեսությունը ամենակարևոր կամ նույնիսկ միակ եկամտի միջոցն է:
Բնակիչները հուսահատ են: Շատերը վարկեր էին վերցրել՝ այս տարվա ցանքատարածքները մշակելու համար, սակայն հիմա ստիպված կլինեն դիմակայել ծանր ֆինանսական խնդիրների: Համայնքը վնասները քարտեզագրում է։