#ՀԻՄԱ. ՊԵՏՔ Է ԳՆԱՍ ԵՎ ԳՆԱԼՈՒ ԵՍ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. #ՈՒՂԻՂ
Կառավարության շենքի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած։ Բագրատ Սրբազանը, ով պայքարին միացած քաղաքացիների հետ այնտեղ է, հայտարարեց՝ իրենք շենք գրավելու մտադրություն չունեն, իշխանությունը պետք է խաղաղ կերպով հեռանա։
«Մենք մի նպաատակ ունենք՝ ստախոսին պատասխանատվության կանչելը և իր հրաժարականը։
Ժողովրդավարության մասին խոսող մարդն այսօր արդեն լուսաձայնային նռնակներ է կիրառում, նա ո՞նց կարող է լինել ժողովրդավար կամ այս երկրի ղեկավար։ Ժամանակին այս դռները (կառավարության շենքի-խմբ․) բաց էին 3 միլիոն վարչապետերի համար, հիմա ոստիկանական շարքերը հստակ տեսնում եք»,- ասաց Սրբազանը։
Նա հայտարարեց՝ Փաշինյանը պետք է հեռանա, այլընտրանք չկա, քանի որ երկրում տիրող վիճակն անհանդուրժելի է։
«Գիշեր լինի, թե ցերեկ, ինչքան էլ ուզում է իր ատլետիկ կազմվածքով հեծանիվ քշի, միևնույն է, նա այս երկրում տեղ չունի։ Այսօր դուք ձեր կամքը ցույց եք տվել, ժողովուրդ: Նրանք հույս ունեին, որ նռնակներ կնետեն, ու դուք կփախչեք, մենք կփախչենք։ Սխալվել են, շատ են սխալվել, որովհետև էս ժողովուրդն էլ տեղ չունի դիմանալու՝ իրենց (իշխանության:-խմբ․) դեմքով այսքան նվաստացմանն ու ստորացմանը դիմանալու։ Տղա՞ ես՝ Իլհամ Ալիևին մի բան ասա։ Քո զինվորին, ոստիկանին, ժողովրդին ստորացնում է ամեն օր։ Բայց սեփական ժողովրդիդ վրա ես հոխորտում, նռնակ նետում։ Մարդու որդի, չես վախեցնելու, հիշիր։ Այլևս անհանդուրժելի է, էս վիճակը չի կարող շարունակվել։ Պետք է գնաս և գնալու ես։ Պարզապես մեր հորդորն է, որ խաղաղ գնաս»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Բագրատ Սրբազանը։