Ասա՝ ԱԺ դարպասները բացեն, իջիր ժողովրդի մեջ, ասա՝ սիրում ես, խոնարհվում ես. Վարդանյանը՝ Փաշինյանին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ընթերցեց հետևյալ տեքսը․ «Խոսեմ հետդ, մենակ մարդ ես։ Գիտեմ, այնպես չէ, որ խառնվել ես իրար, մտածում ես՝ բա հիմա ինչ անես։ Արածիցդ հետևություններ արա՛։ Մտածո՞ւմ ես, որ սա ինչ-որ մարդկանց արած է ու եթե դրսում, օրինակ, 20 հազար մարդ է, այլ ոչ թե՝ 200 հազար, ուրեմն ամեն ինչ դու ճիշտ ես անում։ Գիտես, երևի քեզ չեն ասում, բայց ազգդ քեզ չի սիրում, անկախ նրանից գնում են միտինգ, թե՝ ոչ, լավ են ապրում, թե՝ վատ, չեն սիրում, ուզում են, որ գնաս։
Նույնիսկ կողքիններդ հոգնել են։ Հոգնել են քո ձայնից, արտաքին տեսքից, նկարից, հեծանիվից։ Կազինո գնացողները գիտեն, որ եթե ուզում են կրած դուրս գան, պետք է կարողանան կանգ առնել, խաղամոլներն ու խելագարները չեն կարողանում կանգ առնել։ Իմացի՛ր ինչով էլ ավարտվի այս իրավիճակը, դու քեզ տրամադրի գնալուն»։
Ավարտելով, Ա. Վարդանյանն ասաց, որ այս տեքստը Ալեն Սիմոնյանն է գրել, ինքը մի երկու բան է փոխել ու հավելեց․ «Այս դու, այս Ալենը, պատասխանի՛ր»։
ԱԺ նախագահը ճշտեց՝ հարցն ո՞ւմ էր ուղղված, ինչին ի պատասխան, Վարդանյանն ասաց՝ «արդեն ոտքի է կանգնել»։
Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ամբիոնին և շնորհակալություն հայտնեց Վարդանյանին տեքստի համար։ «Շնորհակալ եմ նաև տեղեկատվության համար․ Դուք նշեցիք, որ այդ տեքստի հեղինակն Ալեն Սիմոնյանն է և Դուք ընդամենը որոշ փոփոխություններ եք արել։ Ինչքա՞ն՝ մի տոկո՞ս, երկո՞ւ, երե՞ք։ Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել էդ տոկոսների հետ պետք չէ խաղ անել, որովհետև եթե դուք 1-2 տոկոս փոփոխություն եք արել տեքստի մեջ և համարում եք՝ մեծ չէ փոփոխությունը, ուզում եմ հիշեցնել, որ մարդու և օրանգուտան կապիկի ԴՆԹ-ի տարբերությունը ընդամենը 2 տոկոս է։
Հիմա ձեր տեքստի մեջ էդ չնչին փոփոխությունները շատ էական բանի մասին են, որովհետև նրա մասին ում մասին գրել է Ալեն Սիմոնյանը այդ տեքստի մեջ, երևի, հեծանիվ չէր կարող լինել, բայց կազինոն շատ դիպուկ շեղում էր։ Ինչ վերաբերում է նրան, ինձ սիրում են, թե չեն սիրում, կարևորն այն է, որ ես եմ իրենց սիրում։ Կարևորն այն է, որ ես սիրում եմ բոլոր ինձ չսիրողներին»,- ասաց Փաշինյանը։
Աղվան Վարդանյանն էլ արձագանքեց․ «Բնականաբար, այլ բան չէի սպասում Ձեզնից, խորհուրդ, որ գնաք տուն, հայելի վերցրեք այդ, Ձեր ասածները, որ հիմա ասացիք, նայեք և այդ տոկոսների տարբերությունը, կարծում եմ, կգտնեք։ Հիշո՞ւմ եք՝ ոնց եք եկել իշխանության․ պարոն ներքին գործերի նախարար այստե՞ղ եք, քանի ոստիկան կա այստեղ, նորմալ մարդն ամոթից գետինը կմտներ, բայց սա այդ դեպքը չի, բայց ես գիտեմ, հողն ամոթ ունի, հողը ձեզ չի ընդունելու»։
«Հիսուս Քրիստոսի նման հարություն առնելու հավակնություն չունեմ, շնորհակալ եմ, որ Դուք նման հնարավորությունը չեք բացառում, հույս ունեմ Ձեզ սխալ հասկացա»,- արձագանքեց Փաշինյանը։