Ռուսաստանը ուշադիր հետևում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, բայց գունավոր հեղափոխություններ չի իրականացնում. Տրենին

Ռուսաստանում շատ լավ տեսնում և հասկանում են Հայաստանի իշխանություններ քաղաքականությունը, որոնք մի կողմից մերձենում են Արևմուտքի հետ, մյուս կողմից հեռանում են Մոսկվայից քաղաքական և ռազմական ոլորտներում, բայց ցանկանում են պահպանել փոխշահավետ տնտեսական կապերը։ Այս մասին Երևանում Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Դմիտրի Տրենինը։

Տրենինը խոստովանել է, որ հաճախ է հարց տալիս, թե ինչու է Ռուսաստանը, որն այդքան ուժեղ է Հայաստանում տնտեսական ներկայության առումով, պատմական կապերի տեսանկյունից, այդքան պասիվ է քաղաքական տարածքում ու կորցնում է աջակցությունը Հայաստանի ներսում: Փորձագետի խոսքով՝ դա շատ լուրջ հարց է Ռուսաստանի իշխանությունների, նրա արտաքին քաղաքականության համար։

Փորձագետը արձանագրում է, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության մեջ վերջին 30 տարիների ընթացքում շատ բան է փոխվել։

«Ես չէի դրամատիզացնի դա, բայց փաստն այն է, որ աշխարհի մասին մեր պատկերացումները հակված են հետ մնալ արագ փոփոխվող իրականությունից: Մենք դեռ շատ առումներով ապրում ենք հին պատկերացումներով։ Անշուշտ, մնացել են ռուսական շահերը և՛ աշխարհաքաղաքական ոլորտում, և՛ ռազմավարական, և՛ աշխարհատնտեսական։ Կա նաև պատմական զգացմունքային նշանակություն՝ հաշվի առնելով Ռուսաստանում հայկական շատ մեծ սփյուռքը։ Բայց այդ շահերի բովանդակությունը էապես փոխվում է։

Հատկապես, եթե համեմատենք այդ շահերի բովանդակությունը կայսերական շրջանում, խորհրդային շրջանում և ներկայիս ռուսական շրջանում, որը տեղի է ունեցել 2022 թվականի բեկումից հետո», – նշել է նա։

Եթե ամփոփենք ՌԴ քաղաքական հանրության վերաբերմունքը, ապա այն հանգում է նրան, որ Հայաստանն ունի իր ճակատագիրը որոշելու ինքնիշխան իրավունք։ Ռուսաստանը չի զբաղվում գունավոր հեղափոխությունների արտահանմամբ, և նախագահ Պուտինը հիմնականում պայքարում է այդ հեղափոխությունների դեմ, բայց ոչ մի կերպ չի հրահրում դրանք:

Ռուսաստանում ուշադիր հետևում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացմանը, բայց չեն միջամտում դրան։ Հարցը, որ տալիս են Ռուսաստանում և հնարավոր է որոշ մարդիկ՝ Հայաստանում, այն է, թե որքան հեռու կարող է գնալ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացումը և ինչի կարող է հանգեցնել դա:

Տեսանյութեր

Լրահոս