Բաժիններ՝

Բայդենի որդին մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք ձեռք բերելու գործով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, ատենակալների կողմից մեղավոր է ճանաչվել զենք գնելու ժամանակ անօրինական թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելու մեջ։ Այսպիսով, նա դարձել է ԱՄՆ գործող նախագահի առաջին զավակը, որին մեղավոր են ճանաչում հանցագործության մեջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բայդենի 54-ամյա որդուն մեղավոր են ճանաչել նրա դեմ առաջադրված բոլոր երեք դրվագներով։

Դատավարությանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը, Հանթեր Բայդենի կինը, քույրը և այլ ազգականներ։

Դատավարության ընթացքում մեղադրող կողմը ներկայացրել է Հանթեր Բայդենի մի շարք լուսանկարներ, հաղորդագրություններ, որոնք ցույց են տվել նրա կողմից ալկոհոլի և կոկաինի տարիների չարաշահումը, ինչն անօրինական է դարձրել զենքի ձեռքբերումը։

Ատենակալները Հանթեր Բայդենին մեղավոր են ճանաչել այն բանում, որ նա ստել է թմրանյութերի ազդեցության մեջ չլինելու առումով, երբ 2018 թվականին լրացրել է զենք ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այնուհետև անօրինական կերպով գնել է զենքը։

Դատավճռի կայացման օրը դեռ չի որոշվել, սակայն դա սովորաբար տեղի է ունենում 120 օրվա ընթացքում։ Նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում, բայց փորձագետները քիչ հավանական են համարում, որ նա նման դատավճիռ կստանա։

Որդու դատավարությունից հետո Ջո Բայդենը հայտարարություն է տարածել՝ ասելով, որ կընդունի այդ գործի արդյունքը և կշարունակի հարգել դատական գործընթացը, մինչ Հանթերը դիտարկում է վճիռը բողոքարկելու հարցը։

«Ես նախագահն եմ, բայց նաև հայր եմ», – հայտարարել է Բայդենը։

Դատավճռից ժամեր անց Ջո Բայդենը մեկնել է Դելավերի նահանգ, որտեղ անցկացվում էր դատավարությունը, գրկել է որդուն, նրա կնոջը և իր թոռանը։

Այս դատավարությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ջո Բայդենը և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցում են նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընտրապայքարին։ Մայիսի 30-ին Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին մեղավոր են ճանաչել քրեական հանցագործության մեջ։ Նրան մեղավոր են ճանաչել ֆինանսական հաշվետվությունները կեղծելու մեջ, առաջադրված բոլոր 34 դրվագներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս