Անկարայի հանդեպ Պուտինի ինքնավստահությունը պայմանավորված է ոչ միայն ուկրաինական ճակատում գործերով, այլ նաև Ալիևի հետ որոշակի պայմանավորվածություններով. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Փաստորեն Պուտինը Ֆիդանի հետ հանդիպմանն ասել է, որ «ինչքան իրեն հայտնի է, հուլիսին Էրդողանը ինչ որ միջազգային միջոցառման շրջանակում լինելու է Աստանայում, և ինքն ակնկալում է հանդիպել այնտեղ նրա հետ»: Պուտինի այս ձևակերպումն այդուհանդերձ թողնում է տպավորություն, որ սառնությունը հաղթահարելու փորձն այդուհանդերձ ստացված չէ: Անկարան առնվազն փետրվարից սկսած բավականին ակտիվորեն ակնկալում է Պուտինի այց, իսկ Մոսկվան՝ հետաձգում:

Եվ հիմա էլ փաստորեն, Պուտինը խոսում է ոչ թե Անկարա այցի, այլ Աստանայում «ինչ որ միջոցառման շրջանակում» հանդիպման հնարավորության մասին: Չեմ բացառում, որ Անկարայի հանդեպ Պուտինի այս նկատելի ինքնավստահությունը պայմանավորված է ոչ միայն ուկրաինական ճակատում գործերով, որոնք Ռուսաստանի համար կարծես թե բարվոք են, գոնե առայժմ, այլ նաև Ալիևի հետ որոշակի պայմանավորվածություններով:

Ինչպես նշել էի, ըստ իս նաև Պուտին-Ալիև հարաբերությունների հանգամանքով անհանգստացած էր թերևս Էրդողանը նախօրեին Անկարա հրավիրել Ալիևին: Ի դեպ, Անկարայում էլ Էրդողանն էր բավականին բազմմիմաստ մի արտահայտություն արել, թե «Թուրքիան հետևում է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը»:

Սրա տակ ինքս նշմարում եմ որոշակի տողատակ-ակնարկ-կասկածամտություն Մոսկվա-Բաքու պայմանավորվածության առնչությամբ: Նկատեմ, որ խաղաղապահները վաղաժամ դուրս բերելու մասին Ռուսաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին անսպասելի, շեշտելով, որ այդ որոշումը կայացվել է պետությունների բարձր մակարդակով, այսինքն նախագահների մակարդակով»:

Տեսանյութեր

Լրահոս