
Երասխի խաչմերուկում ստուգում են բոլոր մեքենաները

Հայաստանում ուժեղացվել է դեպի Երևան երթևեկող ավտոմեքենաների ստուգումը։
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Արարատի մարզում` Երասխի խաչմերուկում, իրավապահները ստուգում են բոլոր մեքենաները։
Նրանք վարորդներին խնդրում են բացել բեռնախցիկները և ստուգում են փաստաթղթերը։
Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ուժեղացված ծառայություն է իրականացվում Արարատի և Վայոց Ձորի մարզերում: Ստուգում են ոչ միայն դեպի Երևան ուղևորվող մեքենաները, այլև հակառակ ուղղությամբ՝ դեպի Սյունիք։
Հիշեցնենք` հունիսի 10-ի առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայողներից մեկը հատել է Հայաստանի սահմանը։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան։
Ենթադրություններ կան, որ ավտոմեքենաների ստուգումները հենց սրանով են պայմանավորված. ադրբեջանցուն են փնտրում։