Մոսկվան ու Բաքուն քննարկում են Ադրբեջանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը

Մոսկվան ու Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը, Ռուսաստանի Դաշնությունը այս հարցում հաջողության հույս ունի։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում «Ռուսաստան-Ադրբեջան» նիստում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Կցանկանայի նշել, որ մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման նոր հնարավորությունների որոնումը, համահունչ կլինի Ադրբեջանում մեր գլխավոր հյուպատոսությունների ստեղծմանը։ Ադրբեջանցի ընկերների և մեր միջև այդ զրույցն այժմ ընթանում է և հուսով ենք, որ այն նույնպես հաջողությամբ կպսակվի», – նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Գալուզինը չի հստակեցրել՝ որտեղ է Մոսկվան ցանկանում հյուպատոսություններ բացել։ Անցած օրերին ՌԴ խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է Ստեփանակերտում Գլխավոր հյուպատոսություն բացել և այդ հարցում ակնկալում է Ադրբեջանի աջակցությունը։ Ընդ որում՝ ռուսաստանցի պաշտոնյան իր խոսքում օգտագործել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի ադրբեջանական անվանումը՝ Խանքենդի։

Պաշտոնական Բաքուն հրապարակավ չի արձագանքել այս հայտարարությանը։ Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, իշխանությունների քարոզչական խոսափողը համարվող Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է, որ Մոսկվան այդ քայլով ցանկանում է վերականգնել ներկայությունը Ղարաբաղում։

Տեսանյութեր

Լրահոս