ՆԱՏՕ-ն մշակում է ներխուժումը ՀԱՊԿ երկրներ. Շոյգու

ՆԱՏՕ-ն մշակում է ներխուժումը ՀԱՊԿ երկրներ. օդում սադրանքների թիվն աճում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է «ՆԱՏՕ-ի շարունակվող էքսպանսիան»:

«Հավաքական անվտանգության գոտու հյուսիսային և արևմտյան սահմանագծերում մեծանում է դաշինքի ռազմական ներկայությունը, տեղակայվում են սպառազինության նոր համակարգեր։ Աճում է օդային տարածքում սադրանքների թիվը, անցկացվում են բազմաթիվ զորավարժություններ, որոնց ընթացքում մշակվում է նաև ներխուժում ՀԱՊԿ երկրների տարածք», – ասել է Շոյգուն։

Նա ավելացրել է, որ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը։

Դրա հիմնական պատճառներից նա անվանել է մի շարք երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության քաղաքականությունը, որն ուղղված է միջազգային անվտանգության համակարգի տապալմանը։

«Ակնհայտ է Եվրասիական տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմ դարձնելու փորձը։ Այդ նպատակին հասնելու համար օգտագործվում է միջոցների ամենալայն զինանոցը, ներառյալ անկախ պետությունների ներքին գործերին ուղղակի միջամտությունը, քաղաքական ճնշումը, շանտաժը, սպառնալիքները, ապօրինի պատժամիջոցները և այլ միջոցները», – ասել է ՌԴ ԱԽ քարտուղարը։

Արևմուտքի տնտեսական ճնշումների ֆոնին, Շոյգուի դիտարկմամբ, ՀԱՊԿ անդամ երկրների համար ավելի արդիական է դառնում ֆինանսական անվտանգության ապահովումը։

Տեսանյութեր

Լրահոս