Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, սատարում է թվով տասը օրենսդրական առաջարկների ընդունմանը

Քաղաքական առաջնահերթության շրջանակում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Արցախում ցեղասպանության և ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նպատակով, շարունակում է աշխատանքներն ամերիկյան Կոնգրեսում։ Ըստ այդմ՝ 2025թ․ ֆիսկալ տարվա համար ներկայացված «ԱՄՆ Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում» ներկայացվել են թվով տասը օրենսդրական առաջարկներ։

Կոնգրեսականների կողմից ներկայացված դրույթներում առաջարկվում են լուծումներ, որոնք արգելում են ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, արգելում են ամերիկյան ռազմական արտադրանքի թույլտվությունների տրամադրումն Ադրբեջանին և նախատեսում են հետաքննություն՝ պարզելու պատժամիջոցներից խուսափելու ադրբեջանական քաղաքականության էությունը: Օրենսդրական առաջարկները ներառում են նաև միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգության բարձրացմանն ուղղված ամերիկյան աջակցության ձևավորմանը՝ ներառյալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը ամերիկյան աջակցությունը:

Կոնգրեսում ներկայացված առաջարկների վերաբերյալ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Անցյալ տարի Արցախի էթնիկ զտումների համար ԱՄՆ-ի կողմից համապատասխան պատժամիջոցների չհանդիպելով՝ Ադրբեջանն այսօր գոյութենական սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանը և գոյությանը։ Կոնգրեսը պետք է քայլեր ձեռնարկի այնտեղ, որտեղ ԱՄՆ-ի իրարահաջորդ վարչակազմերը ձախողել են՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին, զսպելու վերսկսված ագրեսիան և ապահովելու Արցախի բնիկ բնակչության անվտանգ ու ապահով վերադարձը իր պատմական հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո»:

Առաջարկներ են ներկայացվել նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ։ Դրանց նպատակն է ապահովել վերահսկողություն և թափանցիկություն՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային զենք վաճառելու հարցում՝ միաժամանակ հետաքննելով, թե արդյո՞ք Թուրքիայի ապակայունացնող պահվածքը տարածաշրջանում համապատասխանում է ՆԱՏՕ-ի դաշնակցից առկա ակնկալիքներին:

Ներկայացված առաջարկների ընդունմանը հասնելու համար՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակն իրականացնում է ամերիկահայ համայնքի մոբիլիզացիա և, հանձնախմբի համապատասխան տեղեկատվական հարթակների միջոցով, համայնքային ճնշման ապահովում։

Ստորև՝ ներկայացված օրենսդրական առաջարկները․

1. (Amendment 396, ներկայացված մայք Լոլերի և Ֆրենք Փալոնի կողմից)

Առաջարկվում է արգելք սահմանել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը բացառող օրենքի չեղարկման իրավունքի (waiver authority)  վրա։

2. (Amendment 568, ներկայացված Ադամ Շիֆի կողմից)

Ադրբեջանին կոչ է արվում՝ անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին։

3. (Amendment 570, ներկայացված Ադամ Շիֆի կողմից)

Ադրբեջանի համար արգելվում է հարձակողական բնույթի սարքավորումների արտահանման ցանկացած նոր թույլտվության տրամադրում:

4. (Amendment 1048, ներկայացված Ան Էշուի կողմից)

Պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է մշակել ռազմավարություն՝ ամրապնդելու անվտանգության ոլորտում ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը և զսպելու Ադրբեջանի հետագա ագրեսիան։

5. (Amendment 1110, ներկայացված Էեթի Փորթերի կողմից)

Հանձնարարվում է զեկույց պատրաստել միջազգային պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական և իրանական ընկերությունների հետ Ադրբեջանի էներգետիկ գործընկերության վերաբերյալ:

6. (Amendment 120, ներկայացված Գուս Բիլիրակիսի և Էրիս Փափերսի կողմից)

Պաշտպանության նախարարի հետ համաձայնեցված՝ Պետքարտուղարից և ֆինանսների նախարարից զեկույցի պահանջ՝ ներայալ S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցների ազդեցության վերանայման վերաբերյալ, ԱՄՆ ազգային անվտանգության համար դրանց տեղակայման սպառնալիքի գնահատում և ՆԱՏՕ-ի անդամների հետ թուրքական զինված ուժերի փոխգործունակ մնալու կարողության գնահատում։

7. (Amendment 122, ներկայացված Գուս Բիլիրակիսի և Էրիս Փափերսի կողմից)

ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակից (USGAO) պահանջվում է վերանայել և հաստատել պաշտպանության նախարարության և պետդեպարտամենտի արտակարգ իրավիճակների պլանները Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի զգայուն տվյալների և սպառազինությունների համակարգերի՝ ներառյալ միջուկային զենքի և F-35 ծրագրին առնչվող տեղեկությունների վերադիրքավորման վերաբերյալ:

8. (Amendment 313, ներկայացված Գուս Բիլիրակիսի կողմից)

Պահանջվում է զեկույց առ այն, թե արդյո՞ք Թուրքիայի կառավարությունը էականորեն խախտում է Հյուսիսատլանտյան պայմանագիրը:

9. (Amendment 318, ներկայացված Գուս Բիլիրակիսի և Էրիս Փափերսի կողմից)

Պահանջվում է զեկույց՝ պատժամիջոցներից խուսափելու հարցում թուրք-իրանական համագործակցության վերաբերյալ։

10. (Amendment 744, ներկայացված Ռաշիդա Թլայբի կողմից)

Արգելելվում է անվտանգության օժանդակության տրամադրումը ցանկացած երկրի, որը վերջին տասը տարիներին ռազմական ուժ է կիրառել բժշկական հաստատության, ՄԱԿ-ի, փախստականների ճամբարների, հումանիտար աշխատողների կամ լրագրողների դեմ, կատարել կամ աջակցել է բռնի տեղահանության հանցագործության իրականացմանը, կամ խոչընդոտել է մարդասիրական օգնության առաքումը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս