Բագրատ Սրբազանը դատի է տվել իրեն զրպարտած իշխանական լրագրողին
Բագրատ Սրբազանը դատի է տվել իրեն զրպարտած իշխանական լրագրողին։ Մասնավորապես, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ իշխանական քարոզիչ «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանի և ՔՊ կուսակցությանը՝ «Civic.am»-ին՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ հայցը դատարան մուտք է եղել մայիսի 24-ին և մայիսի 27-ին մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանին։
Ներկայացված հայցադիմումով Բագրատ Սրբազանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Դավիթ Լևոնյանին և «ՔՊ» կուսակցությանը՝ «Civic.am»-ին հրապարակայնորեն՝ նույն եղանակով, ինչ տարածվել է զրպարտությունը, այն է՝ Դավիթ Լևոնյանի դեպքում վերջինիս ֆեյսբուքյան էջում և նույնանուն յութուբյան ալիքում, ՔՊ կուսակցության դեպքում՝ Civic.news յութուբյան ալիքում՝ հերքել հայցվորի վերաբերյալ հրապարակված հետևյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլլարներ, սնանկացման է հասցրել, գումարներ է վատնել, միգուցե և անձնական հաճույքների համար օգտագործել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, ԿԳԲ-ի գորխակալ է, պատերազմ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին, փորձում է իրականացնել հեղաշրջում, հրաման է ստացել ԿԳԲ-ից, առաջ է շարժում ռուս-ադրբեջանական շահերը, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց»։
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի հասցեին իշխանական քարոզիչների կողմից արված հայտարարությունների առնչությամբ հանցագործության մասին հաղորդում ևս ներկայացվել է։ Մասնավորապես, ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կա՛մ սուտ մատնության համար պատասխանատվության կանչել իշխանական «Սիվիկ նյուզ» լրատվականի լրագրողին։ Վերջինս փաստազուրկ մեղադրանքներ ու զրպարտանքներ է հնչեցրել սրբազանի հասցեին՝ մեղադրելով նրան իբրև թե «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու, «Կրեմլից» միլիոնավոր դոլարներ ստանալու, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու» մեջ։
««Լրագրողական արհեստավարժ, առարկայական և անաչառ բովանդակությունից, մասնագիտական էթիկայից և բարեվարքությունից զուրկ, ավելի շուտ՝ բլոգերային մենախոսության տպավորություն գործող նշյալ տեսանյութում հնչում են պնդումներ, թե իբր նա ունի «ապացույցներ», ըստ որոնց՝ Հայ եկեղեցու Սրբազանը «միլիոնավոր դոլարներ է ստացել»։
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում։ Իսկ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ԶԼՄ-ով կատարված հրապարակումը քրեական գործ հարուցելու առիթ է։
Այսպիսով, իրավապահ մարմիններից պահանջում ենք՝ նշված անձի հաղորդման հիման վրա, 24 ժամվա ընթացքում կամ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կամ՝ սուտ մատնության համար ՀՀ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածով քրեական պատասխանատվության կանչել «լրագրող» ներկայացող նշված անձին և նրա տեսանյութը հրապարակած՝ «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքին»,- նշել էր շարժումը։
Ներկայացված հաղորդումը մեկ ամսից ավել «ստուգվել» է ԱԱԾ-ում, սակայն առ այս պահը պաշտոնապես հայտնի չէ՝ քրեական վարույթ նախաձեռնելու կամ վարույթի նախաձեռնումը մերժելու որոշումների առկայության մասին։