Իրականում ո՞ւմ շահերն է սպասարկում Սամվել Բաբայանը
Օգտվելով առիթից, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում է, կոմանդույուշչի Սամվել Բաբայանը, ով բլոկադայի կեսերին Փաշինյանի կողմից «գործուղվել» էր Արցախ, շարունակում է իր հերթական հարցազրույցով զրպարտել մարդկանց, որոնք օբյեկտիվ պատճառներով նրան պատասխանել չեն կարող: Մի կողմ թողնելով այն, որ սա բոլոր առումներով կոչվում է տականքություն, անդրադառնանք կոմանդույուշչիի հակասական թեզիսներին, որոնք շարքային մարդկանց ուղեղները լվանալու նպատակ ունեն, իսկ մտածող մարդկանց մոտ բազմաթիվ հարցեր են առաջացնում:
Բաբայանի թեզը: Նա ասում է, որ Արայիկ Հարությունը պետնախարար նշանակեց Ռուբեն Վարդանյանին, և ի պատասխան՝ Ադրբեջանը սկսեց շրջափակումը:
Իրականություն: Պարոն Բաբայանն այստեղ հաջողությամբ «մոռանում է», որ ճիշտ այդ ընթացքում, 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Փաշինյանը առաջին անգամ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, այդպիսով հնարավորություն տալով Ադրբեջանին՝ իր ուզածով վարվել «իր տարածքը հանդիսացող» Արցախի հետ: Ու հենց դա էր պատճառը, որ անգամ երեք ամիս անց Ռուբեն Վարդանյանին ազատելուց հետ, Ադրբեջանը ոչ միայն չվերացրեց շրջափակումը, այլև անցակետ դրեց, երբ Ռուբեն Վարդանյանի հեռացումով նաև միջազգային ճնշումը թուլացավ:
Հայաստանի վարչապետի այդ հայտարարությանն ու Պրահյան հանդիպմանը բազմաթիվ անգամ հղում է արել հենց Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ արդարացնելով Արցախի նկատմամբ իր գործողությունները: Սրա մասին ևս կոմանդույուշչին նախընտրում է չխոսել:
Այսինքն, ստացվում է, երբ Ռուբեն Վարդանյանը ողջ աշխարհին պատմում էր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին, ու այդ աղմուկի շնորհիվ միջազգային դատարաններն ու խորհրդարանական կառույցները Ադրբեջանի դեմ որոշումներ էին ընդունում, Սամվել Բաբայանը գաղտնի բանակցություններ էր վարում այդ նույն Ադրբեջանի հետ, ինչպես ինքն է ասում՝ «համատեղ կյանքի մասին»:
Արցախյան ցեղասպանության ծանր օրերին, երբ ցանկացած մտածող մարդ ողբերգություն էր ապրում, 2023-ի սեպտեմբերի 26-ին այս մարդը ժպիտով հարցազրույց էր տալիս Պետրոս Ղազարյանին ու շարունակում զրպարտել բոլորին: Նորից հիշենք նրա խոսքը Ռուբեն Վարդանյանի մասին:
Բաբայանի եթերում հնչած խոսքը. «Ռուբեն Վարդանյանին էլ է Ռուսաստանը ուղարկել, և հիմա էլ Ռուսաստանը դիմում է, որ հնարավորություն տան Ռուբեն Վարդանյանը դուրս գա»:
Իրականություն: Բաբայանի «հիմա»-ն այն էր, որ դրանից մեկ օր անց, 2023-ի սեպտեմբերի 27-ին Ռուբեն Վարդանյանին ձերբակալեցին Հակարի կամրջի վրա: Ռուբեն Վարդանյանն արդեն ութ ամիս է՝ Բաքվի բանտում է:
Շատ հետաքրքիր զուգադիպությամբ Բաբայանի և ադրբեջանական պետական քարոզչամեքենայի թեզինսերը՝ Ռուբեն Վարդանյանի պահով մեկին մեկ համընկնում են:
Բաբայանի թեզը: 2023 թ. հոկտեմբերի 14-ին լրագրողների հարցին, թե ինչպես իրեն հաջողվեց անցնել սահմանը, իսկ Ռուբեն Վարդանյանին ձերբակալեցին, Սամվել Բաբայանը հանկարծ հայտարարում է, թե «տեսեք՝ Ռուբեն Վարդանյանն ինչ ելույթներ է ունեցել վերջին ամիսներին, կհասկանաք ինչի համար են ձերբակալել», իսկ վերջին հարցազրույցում արդեն բացահայտ ասում է այն, ինչ ամիսներ շարունակ կրկնում են ադրբեջանական լրատվամիջոցները, թե իբր Ռուբեն Վարդանյանն անձնական սպառնալիքներ է հնչեցրել Ալիևի ընտանիքի հասցեին:
Իրականություն: Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրված ահաբեկչության ֆինանսավորման, ահաբեկչական խմբավորումների ստեղծմանն օժանդակելու և սահմանը ապօրինի հատելու համար: Ալիևի ընտանիքի սպառնալիքի թեման ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին շրջանառել քարոզչական նպատակով և ավելի ուշ: Ստացվում է, Սամվել Բաբայանը շատ լավ տեղյակ է, թե իրականում որն է եղել Ռուբեն Վարդանյանի ձերբակալման «բուն շարժառիթը»:
Այստեղ, իհարկե, ինչպես ադրբեջանցի լրատվամիջոցներին, այնպես էլ պարոն Բաբայանին խորհուրդ է տրվում մեկ անգամ ևս ուշադիր լսել Ռուբեն Վարդանյանի հարցազրույցները և, որքան էլ դժվար լինի նրա ինտելեկտի համար, փորձել հասկանալ ասվածի կոնտեքստը:
Ի դեպ, ինչքան էլ նա փորձի պարզաբանել, միևնույն է, համոզիչ չեն սահմանն անարգել անցնելու մասին նրա բացատրությունները ու բազմաթիվ հարցեր են առաջացնում:
Սրանք՝ դեռ միայն Ռուբեն Վարդանյանի մասով:
Իսկ կոմանդույուշչիի մնացած «հետաքրքրական մտքերին» անդրադառնալու ենք առանձին: