Ներխուժել են տուն, հաշվի չեն առել, որ 40 աստիճան ջերմությամբ մանկահասակ երեխա կա, ամբողջ տունը ավերել են. Վահե Եփրիկյանն ահազանգում է
Փաստաբան Վահե Եփրիկյանն ահազանգում է՝ վաղ առավոտյան իրավապահները խուզարկության անվան տակ ներխուժել են Աբովյան քաղաքում բնակվող արցախահայերից մեկի բնակարան, տակնուվրա են արել՝ Դավիթ Փարվանյանի որոշմամբ և դատավոր Կարեն Ֆարխոյանի միջնորդության բավարման արդյունքում։
«Փնտրում են ինչ-որ նյութապես շահագրգռելու, ակցիաներին մասնակցելու համար որոշակի իրեր։ Սակայն այստեղ որևէ իրավական տարր չի կարող լինել։ Նախ, անբարեհամբույր ու ոչ իրավաչափ են իրականացրել այդ խուզարկությունը, չեն սպասել, մինչև փաստաբան էլ ներկայանա։ Այդ ամենից զատ, տունը տակնուվրա են արել, օգտվել են մարդկանց միամտությունից ու նրանցից առգրավել են հեռախոսները։ Նրանք իրավունք չունեին հեռախոսներն առգրավելու, քանի որ դատարանը նման իրավունք չի վերապահել իրենց։ Նրանք առաջարկել են ներկայացնել հեռախոսները, երբ մարդիկ ներկայացրել են, նրանք առգրավել են։ Փորձում են հեռախոսային ամենապրիմիտիվ խոսակցությունը, երկու բառ նամակագրությունը վերածել ակցիային մասնակցելու, նյութապես շահագրգռելու հոդվածի։ Սա ո՛չ առաջինն է, ո՛չ էլ կարծում եմ վերջինն է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահե Եփրիկյանը։
Փաստաբանն ընդգծեց՝ սա արդեն երկրորդ դեպքն է, առաջինը տեղի է ունեցել Ասկերանի քաղաքապետի հետ, նրա դեպքում նույնպես կիրառել են նույն հոդվածն ու հանցակազմը։
«Մարդ է, գուցե իր ընկերներին առառաջրկել է գնալ միասին ակցիայի, հասկանալու՝ ինչ է լինելու։ Ես էլ մարդկանց ասում եմ՝ եկեք գնանք ակցիայի, դրանով ես մարդկանց շահագրգռո՞ւմ եմ, փո՞ղ եմ տալիս։
Ներխուժել են մարդկանց տուն, հաշվի չեն առել, որ 40 աստիճան ջերմությամբ մանկահասակ երեխա կա, ու ամբողջ տունը ավերել են։ Վստահ եմ՝ «կգտնեն» ինչ-որ պարտքի ցուցակ ու կասեն՝ վայ, սա է։ Կամ ժամը 08։30-ին են եկել խուզարկության, այդ տանը երիտասարդ աղջիկներ, հարսներ են քնած եղել։ Մարդկանց ասել են՝ դուրս եկեք, կամ պետք է նկարվեք։ Եթե խուզարկությունը տեսանկարահանումով ես իրականացնում, պայմաններ ստեղծեք, որպեսզի անձանց որոշակի իրավունքները ևս ապահովված լինեն։ Ես այդ ոլորտում աշխատել եմ, բայց երբեք խուզարկությունը չեմ վերածել խուլիգանության»,- նշեց փաստաբանը։
Հարցին՝ այս ամենը Հանրային հեռուտաընկերության եթերում ներկայացված ռեպորտաժի շարունակությունն է, երբ ներկայացվում էր, թե իբր արցախահայերը գումարով են մասնակցում ակցիաներին, մեր զրուցակիցը պատասխանեց՝ Հանրայինի եթերում այն, ինչ հեռարձակվում է, Քննչական կոմիտեի համար դառնում է ելակետային տվյալ։
«Այդ վարչապետացուն ինչ հայտարարում է իր ասուլիսների ընթացում՝ Քննչական կոմիտեի համար դառնում է ելակետային տվյալ։ Իշխանության ցանկացած ներկայացուցիչ, մանր ու միջին ուսապարկ, երբ մի հայտարարություն է անում, դա կոմիտեի համար դառնում է ելակետային, ու մարդիկ փորձում են դրա շուրջ քրեական վարույթներ նախաձեռնել, հարուցել, քննել, բայց այդ ամենն ունի մեկ նպատակ՝ ցանկացած գնով անհարմարություններ ստեղծել քաղաքացիների համար։
Մոտ երեք օր առաջ ԱԳՆ շենքի մոտ 26 կամ 27 անձ է ձերբակալվել, որոնցից երկուսն իմ պաշտպանյալներն են, երկուսն էլ՝ Արցախից։ Մարդկանց ձերբակալել են, 3 ժամից լրանում է ձերբակալման ժամկետները, որևէ գործողություն չեն արել ու բաց էլ չեն թողնում։ Սա ինչի՞ մասին է խոսում, որ այդ մարդկանց համար անհարմարություններ ստեղծելով, մեղադրանք ներկայացնելով, քաշքշելով՝ այնքան զզվացնել, որ մարդիկ որևէ ակցիայի չմասնակցեն, չիրացնեն իրենց սահմանադրական իրավունքներն ու առավելապես բարոյական կողմից չունենան քաղաքական հայացքներ, ուղղակի լինեն ամորֆ զանգված»,- եզրափակեց Վահե Եփրիկյանը։