Իրանի ԱԳՆ-ն կանչել է Չինաստանի դեսպանին
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանում Չինաստանի դեսպան Կոնգ Պեյվային՝ Չինաստանի և ԱՄԷ համատեղ հանդիպման եզրափակիչ հայտարարության 26-րդ կետում պարունակվող անհիմն պնդումներին Չինաստանի աջակցելու պատճառով, հայտնում է Mehr-ը։
«Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ հանդիպման եզրափակիչ հայտարարության 26-րդ կետում պարունակվող չհիմնավորված պնդումներին Չինաստանի կառավարության բազմիցս աջակցությունից հետո, Թեհրանում Չինաստանի դեսպանը երկուշաբթի օրը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, որին ներկայացվել է Իրանի բողոքը։
Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը ԱԳ նախարարի օգնական և նախարարության Պարսից ծոցի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալիբեկը հիշեցրել է Իրանի և Չինաստանի միջև հատուկ և արտոնյալ հարաբերությունները՝ հայտարարելով, որ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը միջազգային իրավունքի հայտնի և հիմնարար սկզբունքներից մեկն է:
Նա նաև ընդգծել է Պարսից ծոցում գտնվող իրանական երեք կղզիների Իրանի Իսլամական Հանրապետության հավերժական պատկանելիությունը՝ հավելելով, որ Իրանը մերժում է որևէ կողմի ցանկացած նկրտում այս կապակցությամբ։
Ալիբեկը հայտարարել է, որ հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական համագործակցությունը՝ ակնկալվում է, որ Չինաստանի կառավարությունն այս հարցում կկարգավորի իր դիրքորոշումը»,- գրում է իրանական լրատվամիջոցը։
Չինաստանի դեսպանն իր հերթին հայտարարել է, որ Իրանի կառավարության բողոքները հնարավորինս արագ կփոխանցի իր երկրի իշխանություններին։