
Թուրքիայում քուրդ գործարարը ձերբակալվել է մայրենի լեզվով խոսելու համար

Թուրքիայի արևելյան հատվածի Դիարբեքիր նահանգում գործող սրճարաններից մեկի տերը ձերբակալվել է ծառայությունները քրդերեն մատուցելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ «Pîne Kafe» անունով սրճարանը պատկանում է ազգությամբ քուրդ Ռամազան Շիմշեքին:
Նա մայիսի 15-ից ի վեր՝ քրդերենի օրը նշելուց հետո, որոշել էր իր սրճարանում ծառայություններ մատուցել միայն քրդերենով:
«Դիմավորումը, պատվերի գրանցումն ու կապի հաստատումն իրականացվում է քրդերենով: Մեր սրճարան գալիս են նաև քրդերեն չիմացողները:
Նրանք իրենց լեզվով են ասում այն, ինչ ուզում են, սակայն մենք քրդերեն ենք պատասխանում: Մեր սրճարան կարող են գալ նաև մարդիկ, ովքեր չգիտեն քրդերեն: Ասում ենք՝ թո՛ղ գան: Թո՛ղ գան և քրդերեն սովորեն»,-ասել էր նա:
Քրդամետ «Rûdaw» լրատվակայքի տվյալներով՝ Շիմշեքի ձերբակալման պատճառը հենց քրդերեն լեզուն կիրառելն է եղել: