Նյու Յորքի Թայմս Սքվերում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում

Նյու Յորքի Թայմս Սքվերում 39-րդ տարին անընդմեջ տեղի հայ բնակիչներն անցկացրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում:

«Վարդանանց ասպետներ և դուստրեր» կազմակերպության և ԱՄՆ-ի մի շարք այլ առաջատար կազմակերպությունների ձեռնարկած միջոցառման ընթացքում Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգները հիշել են նահատակված նախնիներին և պատրաստակամություն հայտնել շարունակելու պայքարը հայերի դեմ կատարած ոճրագործության համաշխարհային իրազեկման և ճանաչման համար:

Նախորդ տարիների արարողություններին մշտապես մասնակցած սենատոր Չակ Սչումերը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը բավարար ուշադրության չի արժանանում անգամ այն պարագայում, երբ հայ ժողովուրդը մինչև այսօր զգում է դրա հետևանքները։ «Ձեր ներկայությունը ցույց է տալիս, որ ամեն տարի շարունակում եք հարգել հիշատակը ձեր նախնիների, որոնց կյանքը շուրջ մեկ դար առաջ դաժանորեն ընդհատել է Օսմանյան կայսրությունը: Ես միշտ ոգևորվում եմ ձեզ այստեղ տեսնելիս: Այդ վայրագությունները ավելին են, քան պարզապես բիծ ազգի և այն մարդկանց վրա, ովքեր արել են դա: Աշխարհն ամեն դեպքում աչք էր փակում կատարվածի վրա, ինչն էլ ինձ դրդեց նախաձեռնել Սենատի կողմից բանաձևերի ընդունումը, որով ԱՄՆ նախագահներին կոչ էր «անվանել այն, ինչ այն ակնհայտորեն եղել է Ցեղասպանություն: Բայց մեր աշխատանքը դեռ չի արվել, մեր պարտքն է բարձրաձայնել հայ ժողովրդի դեմ այսօր կատարվող մարդու իրավունքների խախտումների մասին»,- նշել է Չակ Սչումերը։

Սենատորը հայտարարել է, որ ինքը միանշանակ դատապարտում է Ադրբեջանի գործողությունները, այդ թվում՝ 2020 թվականի ագրեսիվ պատերազմը, Լաչինի միջանցքի դաժան և ցինիկ շրջափակումը, հետագա հարձակումը, որը հանգեցրեց հարյուրավոր հայերի ողբերգական մահվան և էթնիկ հայ բնակչության արտագաղթը Լեռնային Ղարաբաղից: Նա նշել է, որ լինելով Սենատի մեծամասնության առաջնորդ, ամեն ինչ կանի աջակցելու Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին։

«Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, բայց պատմությունից գիտենք, որ այս փոքր, բայց հզոր ազգը նախկինում գերազանցել է ավտորիտար ավազակներին և կշարունակի այդպես վարվել, քանի որ հայ ազգը ոչ միայն դիմացել է, այլև հաղթել է»,- եզրափակել է սենատոր Սչումերը:

Ոգեկոչման արարողության ընթացքում ելույթ են ունեցել նաև Ամերիկյան Ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող և Մերձավոր Արևելքի ֆորումի քաղաքականության վերլուծության տնօրեն դոկտոր Մայքլ Ռուբինը, որը նույնպես ուշադրություն է հրավիրել ոչ միայն անցյալի, այլև Հայաստանի շուրջ ներկայումս տեղի ունեցող իրադարձություններին: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է հետևի Ֆրանսիայի օրինակին, որը դարձավ Հայաստանին զենք տրամադրած ՆԱՏՕ-ի առաջին երկիրը և «հստակ հասկացրել է, որ Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ»։

Ցեղասպանագետ, Լինկրոֆթում Դսքում Հոլոքոստի, մարդու իրավունքների և ցեղասպանության կրթության կենտրոնի գործադիր տնօրեն դոկտոր Ասյա Դարբինյանն անդրադարձել է ցեղասպանության կրթական ասպեկտներին, ճանաչման գործընթացն առաջ մղելուն և զանգվածային վայրագությունների կանխարգելմանը միտված քայլերին:

Վարդանանց դուստրերի մեծ մատրոնը՝ Նենսի Բերբերյան Թոմփսոնը, անդրադառնալով Ցեղասպանության հետևանքներին՝ հայտարարել է նաև, որ իրենց կազմակերպության անդամները ավելի քան 150 հազար դոլար են հավաքել՝ Հայաստանին, մասնավորապես, տեղահանված 120 հազար արցախահայերին օգնելու համար:

Ելույթ են ունեցել նաև Վարդանանց ասպետների մեծ հրամանատար Հունան Արշակյանը, տարբեր հոգևորականներ, կանադաբնակ երգիչ Հարութ Պետրոսյանն ու իր խումբը՝ Սթիվ Ոսբիկյանի, Ժիրո Թավիթյանի և Մհեր Վարդանյանի մասնակցությամբ, Ֆրանսիայի Լիոն քաղաքի Պարի Գրիգորյան բալետի դպրոցը` Աննա Օունջյան Գրիգորյանի ղեկավարությամբ, «Սրբոց Նահատակաց» հայկական ամէնօրեայ վարժարանի սաները:

Վարդանանց ասպետներն ու դուստրերը 1985 թվականից ի վեր հովանավորում են Թայմս Սքվերի Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը՝ ամերիկահայ համայնքային բազմաթիվ կազմակերպությունների աջակցությամբ: Համահովանավոր կազմակերպություններ են Ամերիկայի հայկական համագումարը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ՌԱԿ-Ռամկավար Կուսակցությունը, Թեքեյան մշակութային միությունը, Իրավաբանների հայկական ասոցիացիան, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը և Ամերիկայի հայկական խորհուրդը։ Մասնակից կազմակերպություններ էին Ամերիկայի հայկական ցանցը, Հայ երիտասարդական դաշնակցությունը, ՀՄԸՄ-ի սկաուտները:

Տեսանյութեր

Լրահոս