
ԱՄՆ-ում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը

Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատի դահլիճում կազմակերպվել է հարգանքի տուրքի արարողություն ի պատիվ ցեղասպանությունը վերապրած 109-ամյա Մերի Վարդանյանի, ով ընթացիկ տարվա օգոստոսին կդառնա 110 տարեկան
Ինչպես փոխանցում է CBS News-ը, Մերի Վարդանյանը արժանացել է Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի պատվավոր հյուրի կոչմանը՝ նահանգում հայկական մշակույթի պահպանման և հայ համայնքում իր ներդրման համար:
Վարդանյանը, ով ապրում է Ճամայկա Փլեյնում, նահանգային ներկայացուցիչների պալատ է հասել Բոստոնի ոստիկանության հատուկ ուղեկցությամբ:
Մերի Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ նա ծնվել է Հայոց ցեղասպանության ժամանակ, որից մազապուրծ նրա ընտանքիը սկզբում հասել է Սիրիա, այնուհետև՝ Լիբանան, իսկ 1970-ականներին տեղափոխվել ԱՄՆ: Ամբողջ կյանքում նրան ուղեկցել է հայկական մշակույթի ուժեղ զգացողությունն ու կապվածությունը:
Միջոցառմանը հնչել է ՀՀ պետական օրհներգը: Ելույթ են ունեցել նահանգային սենատորներ, ովքեր բարձր են գնահատել Մերի Վարդանյանի ավանդը հայկական մշակույթի պահպանմա նգործում ու հայ համայնքում ներդրումը: Ինչպես նշում է աղբյուրը՝ օրենսդիրներից ոմանք կրել են Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկը: