ԵՄ դիտորդների կազմ կանադացի փորձագետի ներգրավմամբ ԵՄ-ն ՆԱՏՕ-ին ներքաշում է Անդրկովկաս ու Հայաստան. Զախարովա

ԱՄՆ-ն ցանկանում է Հարավային Կովկաս բերել ՆԱՏՕ-ի ուժերին՝ ԵՄ առաքելության միջոցով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդներին Կանադայի ներկայացուցչի միանալը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ դիտորդների շարքին է միացել կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկին։

«Պետք է նշել ԵՄ–ական ներկայության լիակատար անարդյունավետությունը` միջադեպերի կանխարգելման առումով։ Մենք օրեցօր ավելի ու ավելի ենք համոզվում՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում բացակայում է ԵՄ դրական քայլը»,-ասել Է Զախարովան։

Նրա խոսքով` Եվրամիության ներկայացուցիչները զբաղվում են տարբեր տեսակի սադրանքներով, հետախուզական գործունեությամբ ու քարոզչությամբ։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ զարմանալի չէ, որ դա օրինաչափ մերժում է առաջացնում տարածաշրջանի երկրների մոտ, որոնք միակարծիք են, որ Անդրկովկասում ծագող ցանկացած հարց պետք է լուծվի Հարավային Կովկասի ներսում՝ ի շահ այստեղ գտնվող բոլոր երկրների՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության։

«Ինչպես հասկանում ենք, ԵՄ առաքելությանը Օտտավայի անդամակցության հարցն արդեն գործնական հարթություն է տեղափոխվել։ Օրերս Կանադայից Հայաստան է ժամանել, այսպես կոչված, փորձագետ։ Թե որն է նման որոշման հավելյալ արժեքը, որքան է այն կարևոր հայերի համար, անհասկանալի է։ Թող իրենք մեկնաբանեն»,-ասել Է Զախարովան։
Խոսքը, ըստ նրա, ամենայն հավանականությամբ այն մասին է, որ տվյալ իրավիճակում ԱՄՆ-ի կրտսեր գործընկեր Եվրամիությունն օգտագործվում է Վաշինգտոնի կողմից ՆԱՏՕ-ի ուժերին «տարածաշրջան ներքաշելու» համար։

«Ակնհայտ է, որ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ ցանկանում են ոչ միայն ընդլայնել աշխարհում իրավիճակի վերահսկման հնարավորությունը, այլև հետևել իրենց եվրոպական դաշնակիցներին»,-հայտարարել Է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան համոզված է, որ Հարավային Կովկասում արտաքին խաղացողների՝ ի դեմս ՆԱՏՕ-ի ջանքերի արդյունքում, տարածաշրջանում անխուսափելի է դառնալու վստահության նվազումը, էսկալացիան, զինված դիմակայությունը։

Արևմուտքը, նրա խոսքով, շարունակում Է Անդրկովկասի ռազմականացումը՝ այն վերածելով աշխարհաքաղաքական մրցակցության հերթական թատերաբեմի ՝ անտեսելով տեղի բնակիչների շահերը։

ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:

Տեսանյութեր

Լրահոս