Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի

Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման դեմ անցկացված ցույցի ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով կա 1 տուժած, ոստիկանությունը հայտնել է 14 ձերբակալվածի մասին։

Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիան սկսվել է ապրիլի 15-ի առավոտյան, երբ խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը քննարկել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը։

Նշվում է, որ շուրջ 12 ժամ տևած քննարկումներից հետո հանձնաժողովն ի վերջո դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ակցիայի մասնակիցների կողմից բռնության ենթարկվելու հետևանքով տուժել է ՆԳՆ 1 աշխատակից, որին բժշկական օգնություն է ցուցաբերվել։

Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել օրենքը չխախտելու վերաբերյալ ՆԳՆ աշխատակիցների կոչերին, խախտել են հասարակական կարգը, դիմադրություն են ցույց տվել իրավապահ մարմիններին և վիրավորել նրանց։ Արդյունքում խուլիգանության, ինչպես նաև ոստիկանության վրա հարձակվելու կասկածանքով ձերբակալվել է 14 մարդ։

Նշվում է, որ ոստիկանության գործողություններից հետո էլ ցուցարարների մի մասը շարունակել են մնալ խորհրդարանի շենքի մոտ, դեպքի վայրում մոբիլիզացված են եղել ՆԳՆ-ի տարբեր ստորաբաժանումներ։

Ակցիան նախաձեռնող ընդդիմադիրները, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստներն օրենքին դեմ հանդես եկողներին կոչ են արել երեքշաբթի կրկին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ, երբ կմեկնարկի խորհրդարանի լիագումար նիստը։

Վրաստանի իշխանություններն աղմկահարույց օրենքը ցանկանում էին ընդունել դեռ 2023 թվականի մարտին, սակայն բողոքի զանգվածային ակցիաների արդյունքում նրանք հետ կանչեցին օրենքը։ Այս անգամ իշխանություններն օրենքի ընդունման անհրաժեշտությունը բացատրում են նրանով, որ արտասահմանյան դոնորներն ավելացրել են ծայրահեղական խմբերի և կուսակցությունների գաղտնի ֆինանսավորումը՝ չնայած թափանցիկության մասին խոստումներին։

Վրաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցություններն ու հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունները պնդում են, որ այդպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Վրաստանի բարեկամներին և թշնամիներին նույն շարքում է դնում, խոչընդոտում է ԵՄ-ին Վրաստանի ինտեգրմանը։ Եվրոպական Միությունը, ԵՄ անդամ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ են արել հրաժարվել օրենքի ընդունումից։

Օրենքի ընդունմանը դեմ է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով հայտարարել է, որ Վրաստանը չի համակերպվելու երկրի կրկնակի խորհրդայնացմանը։ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխանությունների կողմից բերված օրենքը «ռուսական օրենք» է։ «Քաղաքացիական հասարակությունը մասսայական խաղաղ ակցիա է անցկացնում Թբիլիսիում՝ ընդդեմ «ռուսական օրենքի»։ Հատուկ նշանակության ուժերը պատրաստվում են գործողություններ իրականացնել խաղաղ քաղաքացիների դեմ՝ ջրցաններով և գազային նռնակներով, իրականացվում են ձերբակալություններ։ Վրաստանը չի համակերպվի կրկնակի խորհրդայնացման հետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս