Փաշինյանի տղա Աշոտ Փաշինյանը իրական Հայաստան Արցախում էր ծառայում, ոչ թե պատմականում. Գրիգորյան
2023 թ. հայ ժողովրդի համար ամենաողբերգական տարին էր` 1915 թվականից հետո ամենաողբերգականը, քանի որ իրական հայրենիքը դարձրիք պատմական։ ՀՀ Ազգային ժոովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Եթե ՀՀ-ն միայն 29 800 քառ. մետր տարածքն է, ապա մեր հազարավոր տղաները ո՞ր հայրենիքի համար են զոհվել։ Եթե այսօր այդ պատասխանը հնչում է հանուն ՀՀ-ի, ապա ուղիղ մեկ կամ երկու տարի առաջ ասում էիք, որ զոհվել են հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն Արցախի Հանրապետության»,– ընդգծեց նա։
Գրիգորյանը հիշեցրեց, որ ինքն անկախության սերնդի ներկայացուցիչ է, ծնվել է 1991 թվականին ու իրական հայրենիք է տեսել և ՀՀ–ում, և Արցախում։ Դիմելով իշխանության ներկայացուցիչներին` նա հայտարարեց, որ այդ իրենք են իրական հայրենիքը պատմական սարքել։
«Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, վիրտուալ, պատմական հայրենիքում չէր ծառայում, իրական հայրենիքում էր ծառայում, ու Նիկոլ Փաշինյանն էլ ուղղաթիռով իրական հայրենիքից պատմական հայրենիք չէր գնում, այլ իրական հայրենիքից իրական հայրենիք էր տեղափոխվում։ Հերիք է սա մանիպուլացնեք։ Պատմական ու հոգևոր հայրենիքի մասին բանավեճ ունենալու համար ես Նժդեհ ու Չարենց կկարդայի, այլ ոչ թե կգայի ու այստեղ բանավեճ կանեի։ Մինչդեռ պատմական հայրենիքի մասին խոսելը ձեզ համար ընդամենը վահան է` քողարկելու ձեր բոլոր սխալները, մեղքերը, որոնց արդյունքում դուք բերել եք այս ողբերգության»,– հայտարարեց Գրիգորյանը։
Նա նշեց, որ գործող իշխանությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նշաձողն իջեցրեց` դարձնելով «Արցախի ժողովրդի իրավունքներ ու անվտանգություն»։
«Այսօր Արցախում հայ չի ապրում, Արցախի ժողովորդի իրավունքը, պայքարը, հաղթանակն այսօր դարձրել եք սոցիալական հարց, ավելին` 40+10 հազարի հարց եք դարձրել։ Այսօր ոչ խոսում եք Արցախի ժողորդի վերադարձի իրավունքի մասին, ոչ ռազմաքաղաքական էլիտայի բանտում գտնվելու ու նրանց վերադարձնելու մասին»,– ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` ՀՀ իշխանությունների ռազմավարությունն այն է, որ Արցախը տալիս ենք, ՀՀ-ն պահում ենք։
«Պահեցի՞ք։ 20.8 քառ. կմ այս պահին օկուպացված է Ադրբեջանի կողմից, վտանգները չեզոքացված չեն, ավելին` ադրբեջանցիները գտնվում են մեր ռազմավարական բարձունքների վրա, մեր ճանապարհներն են վերահսկում, մի մասը օկուպացրել են։ Ասում էիք` Արցախի հարցը «պավադոկ» է մեր վզին, բայց հիմա է «պավադոկ»` Սյունիքի ճանապարհով գնում ես ու գիտես, որ վերահսկում են քեզ»,- հայտարարեց պատգամավորը։
Աննա Գրիգորյանի խոսքով` այն, ինչՀՀ իշխանությունն արել է Սյունիքում, այսօր պատրաստվում է անել նաև Տավուշում։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ապրիլի 10–ին կառավարության 2023 թ. կատարողականի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո մեկնարկել է պատմական և իրական Հայաստանների շուրջ բանավեճ, ու պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։