4 անձի թրաֆիքինգի փաստով ֆերմաների սեփականատերը ձերբակալվել է Վրաստանում

Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել չորս անձի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված մարդկանց վաճառքի (թրաֆիքինգի) փաստով։ Վրաստանի դատախազությունից հայտնել են, որ դատախազության միջնորդության հիման վրա մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ հաղորդագրության՝ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Աշխատանքի տեսչության տրամադրած տվյալների հիման վրա պարզվել է, որ Վրաստանի շրջաններից մեկի ֆերմաների սեփականատերը թրաֆիքինգի նպատակով՝ որոշակի ժամանակահատվածում խաբեությամբ, բռնությամբ և հարկադրանքով, չորս անձի ստիպել է անվճար աշխատել իր տնտեսությունում:

Մեղադրյալը նրանց ստիպել է կատարել իր առաջադրանքը գիշեր-ցերեկ՝ ցանկացած ժամի, ֆիզիկական բռնության է ենթարկել և թույլ չի տվել տուն գնալ։ Տուժողները, անտանելի պայմաններից ելնելով, փորձել են փախուստի դիմել ֆերմայի տարածքից, սակայն մեղադրյալը ֆիզիկական բռնությամբ ու սպառնալիքներով նրանց հետ է դարձրել և ստիպել նորից աշխատել։ Ավելի ուշ երեք տուժածներին հաջողվել է փախչել ֆերմայի տարածքից, իսկ մեկ անձի մեղադրյալը շահագործել է մինչև ապրիլի 4-ը։

«Ձերբակալվածը մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի պրիմա հոդվածի 2-րդ «բ» և «գ», 3-րդ մասի «բ» և «դ» ենթակետերով (թրաֆիքինգ, որը կատարվել է ավելի քան երկու անձի նկատմամբ՝ ծանրացնող հանգամանքներում), որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 14-ից 17 տարի ժամկետով։

Դատախազության միջնորդության հիման վրա մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս