2024-ի առաջին եռամսյակում լրացուցիչ 15.2 մլրդ դրամի հարկ է մուտքագրվել ՀՀ պետբյուջե
Վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին լրացուցիչ 15.2 մլրդ դրամի հարկ է մուտքագրվել ՀՀ պետբյուջե: Դա 21 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնեց ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետ Կարինե Ներսիսյանը:
ՊԵԿ պաշտոնյան մանրամասնեց, որ լրացուցիչ հաշվեգրված 15.2 մլրդ դրամի հարկից 11.8 միլիարդը կամ 78 տոկոսը գոյացել է հարկատուների ինքնակամ կատարած ճշտումների արդյունքում, իսկ մնացած 3.3 միլիարդը վճարվել է թեմատիկ ուսումնասիրության արդյունքում կազմված ակտերով: 2023 թվականի նույն ժամանակահատվածում լրացուցիչ հաշվեգրվել էր 12.6 մլրդ դրամի հարկ: Հատկանշական է, որ եղել են դեպքեր, երբ փաստացի ճշտման արդյունքում մեկ հարկատուն հայտարարագրել է մինչև 300-400 մլն դրամի լրացուցիչ հարկ:
Վարչությունում իրականացրած կամերալ և այլ ռիսկերի վերլուծությանն ուղղված գործառույթների արդյունքում դիտարկվող ժամանակահատվածում 2023-ին հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ներկայացվել է 19.089, իսկ 2024-ին՝ 25.790 ծանուցում: Ի դեպ, Հայաստանում գրանցված է 100 հազարից ավելի հարկ վճարող:
Կարինե Ներսիսյանը նշեց, որ իր ղեկավարած վարչությունում առանձնակի ուշադրություն են դարձնում ռիսկերի բացահայտմանն ուղղված վերլուծական գործիքակազմի կատարելագործմանը և պարբերաբար թարմացնում են այն: «Վերլուծությունների դերը չափազանց կարևոր է հարկային մարմին-հարկ վճարող հարաբերություններում: Թիրախային և ստեղծված իրավիճակին համարժեք ոլորտային և անհատական վերլուծությունները, լինելով վարչարարության տեսակ, միաժամանակ կանխարգելիչ բնույթ են կրում: Հարկատուները տեսնելով հաշվարկ-հաշվետվությունները և հայտարարագրելով համապատասխան ցուցանիշներ՝ զերծ են մնում լրացուցիչ տույժեր և տուգանքներ վճարելուց»,- ասաց նա:
Նույն վարչության պետի տեղակալ Կարինե Մնացականյանն էլ հայտնեց, որ Հայաստանում 2024 թվականի առաջին եռամսյակում փաստաթղթավորվել են մոտ 2 տրլն 921 մլրդ դրամի գործարքներ, հարկային հաշիվներ, հաշիվ-վավերագրեր և ՀԴՄ կտրոններ: Նախորդ տարի այդ ցուցանիշը շուրջ 2.4 տրլն դրամ էր:
«Այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով՝ հարկ վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերով գեներացված հասույթը կազմել է 2921.3 տրլն դրամ: Հարկ վճարողների ներկայացրած հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում՝ ՀԴՄ կտրոնների) տվյալներով՝ 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին իրականացվել է 160.4 մլն գործարք: Նախորդ տարի այդ ցուցանիշը 142 միլիոն էր: 2023 թվականի դիտարկվող ժամանակահատվածի համեմատ գործարքների քանակն ավելացել է շուրջ 18.3 միլիոնով կամ 12.9%-ով, իսկ դրանց ընդհանուր արժեքի գումարը աճել է 473.9 մլրդ դրամով կամ 19.4 տոկոսով»,- մանրամասնեց Կարինե Մնացականյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ իրացման շրջանառության շարժի մեծ աճ է գրանցվել մանրամեծածախ առևտրի, ինչպես նաև տեղեկատվության և կապի ոլորտում: Մանրամեծածախ առևտրի ոլորտում հաշվարկային փաստաթղթերի քանակային աճը 13 տոկոս է, իսկ գումարայինը՝ 16 տոկոս:
Կարինե Մնացականյանն ընդգծեց նաև, որ Հայաստանում պահպանվում է աշխատատեղերի շարունակական աճի միտումը: Նա նշեց, որ արդեն իսկ ամփոփվել են այս տարվա փետրվարի տվյալները, որոնք ստացվել են հարկ վճարողների կողմից այդ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների հիման վրա: Ըստ այդմ՝ փետրվարին Հայաստանում եկամուտ ապահովող աշխատատեղերի քանակը կազմել է 725.051, ինչը 32.785-ով կամ 4.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: «2023-ի հունվարին ունեցել ենք 677 հազար աշխատատեղ, իսկ 2024-ի նույն ամսին՝ 713 հազար 718: Նախորդ տարվա փետրվարին ունեցել ենք 692 հազար 266, իսկ 2024-ի փետրվարին՝ 725.021 աշխատատեղ»,- ասաց Մնացականյանը:
Հրայր Նազարյան