Եթե որոշեն Տավուշից տարածք հանձնել՝ Ոսկեվանում բոլորը ոտքի են կանգնելու, բա ի՞նչ անենք, մնանք շրջափակման մե՞ջ. համայնքի ղեկավար. Փաստինֆո

Եթե Ադրբեջանի պահանջած Տավուշի 4 գյուղերից տարածքներ հանձնվեն, ապա Տավուշի ևս 4 համայնք հայտնվելու է շրջափակման մեջ, որոնց մեկը Ոսկեվանն է։

«Փաստինֆոյի» հետ զրույցում Ոսկեվան համայնքի վարչական ղեկավար Սերգեյ Գրիգորյանն ասաց, որ տարածքների հանձնման խոսակցությունները համայնքում բլորին էլ մտահոգում է ու բոլորն էլ դեմ են տարածքների հանձնմանը։

«Եթե ճանապարհը տալիս են՝ էս կողմից արդեն էլ ճանապարհ չի լինի, պիտի նոր ճանապարհ կառուցեն՝ Իջևանից մինչև Կիրանց, բայց ճանապարհի շինարարությունը դեռ չի էլ սկսել, այնինչ Ադրբեջանը պահանջում է անհապաղ հանձնել հողերը։ Ժողովրդին սա շատ է անհանգստացնում»,- ասաց նա։

Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ Ոսկեվանում հիմա սպասողական վիճակ է։ «Սպասում ենք՝ տեսնենք, ինչ կորոշվի։ Եթե որոշեն հանձնել՝ մենք էլ ենք ոտքի կանգնելու, կանգնելու ենք ոսկեպարցիների կողքին։ Անպայման մենք էլ ենք միանալու, բա ի՞նչ անենք, շրջափակման մե՞ջ մնանք, այսօր էդ 4-ն են ուզում, վաղը՝ մյուս 4-ն են ուզելու, բոլորս էլ ոտքի ենք կանգնելու»։

Նրա դիտարկմամբ՝ եթե թշնամին խաղաղության գնար, ապա Տավուշի մյուս համայնքերից զավթած հողերը կվերադարձներ։ «Մենք իրենց մոտ հող ունենք, մեզ պիտի մեր հողերը տան։ Օրինակ, Բերքաբերում 800 հեկտար հող ունենք, որ զավթել են, Տավուշի մյուս համայնքերից էլ ունենք՝ Կոթիից, Բարեկամավանից, եթե հայելային այդ հողերը փոխանակում անեն՝ գուցե համաձայնենք, ոչ թե մենք տանք, տանք ու դրա դիմաց ոչինչ չստանանք։ Հակառակ դեպքում բոլորս ոտիք ենք կանգնելու»,- նշել է համայնքի ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս