Ալեն Սիմոնյանն իր եղբոր կնոջը կալանավորած դատավորին ծաղիկ է ուղարկել. թեման հասել է իրավապահներին
«Սիներջի» ընկերության աղմկահարույց գործով Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի կալանավորման հետ կապված աղմուկը նոր զարգացում ունի:
Հիշեցնենք՝ երկու անչափահաս երեխաների մորը կալանավորած դատավոր Մերի Մոսինյանն Ալեն Սիմոնյանի նախկին աշխատակիցն է եղել: 2019թ.-ից աշխատանքի է անցել ԱԺ-ում, բարձրացել կարիերայի աստիճաններով՝ հասնելով մինչև Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետի պաշտոնին։ Հենց այդտեղից էլ անցել է իր հաջորդ աշխատանքին՝ նշանակվելով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:
Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, ի վերջո, դատախազի որոշմամբ, ազատ արձակվեց, ապա վերաքննիչ դատական ատյանը վերջինիս կալանքի հետ կապված՝ խախտում ճանաչեց:
Այ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը:
Ալեն Սիմոնյանն Ալեն Սիմոնյան չէր լինի, եթե դրան չարձագանքեր այնպես, ինչպես վայել է իրեն: Բնականաբար, քաղաքացու ձեռքերը բռնել տվող ու նրա վրա թքող Ազգային ժողովի «էրէվանցի» նախագահը որևէ կերպ պետք է վրեժխնդիր լիներ իր նախկին աշխատողից, ինչը և Ալեն Սիմոնյանն արել է՝ Մերի Մոսինյանին իր անունից ծաղիկներ ուղարկելով, մոտավորապես «Սերդեչնի պրիվետ օտ Արութինա Զիմզիմովա» ոճի մեջ:
Այսինքն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ցույց տալու համար, որ Մերի Մոսինյանը սխալ էր, իրենք՝ ճիշտ, վերջինիս ծաղրելու համար նրան ծաղիկներ է ուղարկել:
Մերի Մոսինյանը, սակայն, չի գնահատել իր նախկին ղեկավարի ժեստը ու դիմել է իր դատարանի նախագահին՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին՝ Ալեն Սիմոնյանի արարքը գնահատելով՝ որպես դատավորի վրա ճնշում:
168.am-ի տեղեկություններով՝ հենց Խաչիկ Ղազարյանն էլ Հակակոռուպցիոն կոմիտե Ալեն Սիմոնյանի դեմ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:
Մենք դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե՝ ցանկանալով պարզել՝ ո՞ր փուլում է հաղորդումը, և ի՞նչ ընթացք է տրվել դրան: Պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք: