
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը և միևնույն ժամանակ հավելել, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը նման կարծիք է հայտնել «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրին տված հարցազրույցում։
«Մենք Հայաստանի ղեկավարության կողմից ակնկալում ենք քաղաքական սթափություն և կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատական։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- նշել է քարտուղարն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում սպասո՞ւմ են կազմակերպության անդամակցության դադարեցման վերաբերյալ Հայաստանի կողմից հայտարարության։
Իմանղալի Թասմաղամբետովը հավելել է, որ ինչպես ինքն, այնպես էլ քարտուղարությունն աշխատում են կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին համապատասխան։
«Մենք, բնականաբար, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքակազմի ուժերով վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և իրավիճակը Հայաստանի ու կազմակերպության փոխհարաբերություններում»,- ասել է Թասմաղամբետովը։