Բաժիններ՝

Թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատվել է աշխատանքից. քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունն Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է», – ասաց Կոստանյանը։

Նշենք, որ Հակակոռուցիոն կոմիտեից Sputnik Արմենիայի հայտնեցին՝ դպրոցի հետ կապված դեպքերով երկու քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնք միացվել են և քննվում են մեկ վարույթում։ Նախաքնությունը շարունակվում է։

Հավելենք, որ Նվարդ Հովսեփյանն անակնկալ արձակուրդ էր մեկնել, սակայն աշխատանքի չի վերադարձել ։

Հիշեցնենք՝ փետրվարի վերջին օրերին դպրոցում լարված իրավիճակ էր. աշակերտները դասադուլ էին անում, ծնողներն էլ ստորագրահավաք էին սկսել` պահանջելով տնօրեն Նվարդ Հովսեփյանի հրաժարականը։

Լուրեր էին տարածվել, որ դպրոցում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել, տնօրենը յուրացրել է խմբակների համար հատկացված գումարները և փոխտնօրեններից պահանջել այնպես անել, որ աշակերտներն ու ծնողները չխոսեն չկայացած պարապմունքների մասին։ Դպրոցի երեք փոխտնօրենները ազատման դիմում էին գրել՝ հրաժարվելով կատարել տնօրենի պահանջը։ Դպրոցում տեսչական ստուգումներ էին սկսվել, հարուցվել էր վարչական վարույթ։
Նվարդ Հովսեփյանը թիվ 130 դպրոցի տնօրեն էր նշանակվել 2022 թվականի հունիսի 20-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս