
«Ես այդ մանրուքին չեմ տիրապետում». ԱԺ նախագահը՝ հարցին, թե արդյոք Ադրբեջանն էլ միաժամանակ հետ է քաշվելու մեր տարածքներից
Մեր ուզածը այս պահի դրությամբ սահմանը ստանալն է. այնտեղ, որտեղ Ադրբեջանն է առաջ, բնական է, ադրբեջանական զորքերը պետք է հայելային հետ քաշվեն: Դա պետք է տեղի ունենա ամբողջ սահմանի երկայնքով: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին, արդյոք դա միաժամանակյա գործընթա՞ց է լինելու, որովհետեւ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին դա չի լինելու, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես այդ մանրուքին չեմ տիրապետում, չեմ կարող ասել՝ միաժամանակ է լինելու, թե ոչ, բայց այդ պրոցեսները պետք է զուգահեռ տեղի ունենան: Նկատի ունեմ, որ նույն գործընթացի շրջանակներում պետք է տեղի ունենան: Այդ պրոցեսը սահմանի ամբողջ երկայնքով պետք է շարունակականություն ունենա:
Ով, որ ասաց, որ Հայաստանի տարածքից մեկ մմ հող են տալիս, այդ մարդը սադրող է եւ հատուկ ուղղված է ներքին խժդժություն մտցնելու համար»:
Ինչ վերաբերում է Վրաստանի հետ սահմանազատման գործընթացին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մենք Վրաստանի հետ որեւէ խնդիր եւ վիճելի հարց չունենք, հետեւաբար տեղին չէ հիմա քննարկել Վրաստանի հետ սահմանազատման հարցը»:
Մանրամասները՝ տեսանյութում