
ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հանցակազմի հատկանիշներով

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ Այս մասին էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը
Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Վերջինս ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։
Այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հետագայում ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը թույլատրելիության սահմաններում կտեղեկացնի քննության արդյունքների մասին։