
3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք․ պայթյունի հետևանքով նրանցից 2-ը վիրավորվել են

Երեք քաղաքացի մարտի 24-ին, ժամը 17։00-ի սահմաններում, զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը։
«Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց։ Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխել է բուժհաստատություն։