«Ուզում եմ, որ հիմա Հայաստանում նստած բոլոր «եվրոյոնջաներն» արձագանքեն Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու կադրերին». Նաիրա Զոհրաբյան

«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելն ունի մի քանի խնդիր։

«Առաջինը՝ Տավուշի հանձնվող գյուղերի ֆոնին հասարակության մեջ ուժեղացնել վախը, որպեսզի ով փորձի ըմբոստանալ, աչքի առաջ ունենա այս նողկալի, վայրագ պատկերը և վախենա։ Տեսանյութից ակնհայտ էր, որ Նարեկ Սամսոնյանը ոստիկանությանը որևէ դիմադրություն ցույց չէր տալիս, նա մշտապես ասել է, որ հոգեբանորեն օրվա 24 ժամերի յուրաքանչյուր վայրկյան պատրաստ է նստելու, բայց իր քաղաքական հայացքներից ու պայքարից չի հրաժարվելու։ Այսինքն՝ մտածելով, որ այս մասկի-շոուն բեմադրելով, ասֆալտին գլուխը սեղմելու օպերացիաներով կարող են վախեցնել, այդպես չէ, և թիրախը դա էլ չէր, այդ ամենի թիրախում բոլորս ենք, ովքեր ասում են, որ այս իշխանությունները պետք է հեռանան, որ կարողանանք Հայաստանը փրկել»,- 168.am հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու՝ իրավապահների կիրառած մեթոդները։

Նրա փոխանցմամբ՝ որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ՝ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու կադրերն ուղարկել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, ուղարկել է ԵԽԽՎ մոնիթորինգի հարցով հանձնաժողովին, որպեսզի Հայատանի հարցով համազեկուցողները տեսնեն ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնող և բոլոր ամբիոններից «ժողովրդավարություն» բառը հորջորջող իշխանության իրական դեմքը։

«Վստահ եմ՝ որևէ կերպ հնարավոր չէ ո՛չ Նարեկին, ո՛չ էլ պայքարի մյուս մեր ընկերներին կոտրել, բայց սա արդեն հոգեվարքի նշան է։ Երբ իշխանությունն արդեն դիմում է նման տոտալ վայրագության, չգիտեմ՝ ինչ հոդված են կարելու Նարեկի վրա, ենթադրում եմ՝ «Իմնեմնիմի» փոդքասթի ինչ-որ մեկ դրվագ կգտնեն, կպեղեն, ինչպես, օրինակ, Նարեկ Մալյանի դեպքում՝ ուղիղ եթերում ասել էր բառ, որը կարող էր հիպնոզի ազդեցություն ունենալ ունկնդրի վրա, նման մի էշություն էլ հիմա կպեղեն»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա,  «ժողովրդավարություն» բառը ճակատի դրոշմանշան դարձրած իշխանությունն ուղղակիորեն ջախջախում է խոսքի իրավունքը, նման բան երևի ստալինյան տրոյկաների ժամանակ էր լինում, երբ խոսքի, մտածելու, թարս հայացքի կամ ձախ հոնքը ոչ այնպես բարձրացնելու համար գալիս ու մարդկանց  բիրտ ուժի կիրառմամբ տանում էին։

«Հիմա ես ուզում եմ օգտագործել Նիկոլ Փաշինյանի տերմինը, որովհետև Նիկոլ Փաշինյանն է իրենց անվանել «եվրոյոնջա», ուզում եմ, որ հիմա Հայաստանում նստած բոլոր «եվրոյոնջաներն» արձագանքեն Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու կադրերին։ Այլապես մենք ստիպված ենք հերթական անգամ արձանագրելու, որ եվրոպական կառույցները միֆ են, ընդամենը քաղաքական մարմնավաճառներ՝ իրենց  աշխարհաքաղաքական տերերի շահերը սպասարկողներ, թաքնված «մարդու իրավունքներ» ձևակերպման տակ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ կեսօրին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր որ ոստիկանները բիրտ ուժ գործադրելով՝ բերման են ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին։ Իրավապաշտպանի այս գրառումից րոպեներ անց Antifake նախաձեռնությունը հրապարակեց տեսանյութ, թե ինչպես են բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին։

Տեսանյութում դիմակավորված անձինք հետևից մոտենում են Նարեկ Սամսոնյանին, նրան գցում  ասֆալտին, դեմքը սեղմում գետնին, ձեռքերը ոլորում ու ձեռնաշղթաներ դնում։ Ներկաներից մեկը, ով քաղաքացիական հագուստով էր, խոչընդոտում է տեսարանը նկարահանող քաղաքացուն՝ ձեռքով փակելով հեռախոսը։

Նարեկ Սամսոնյանին ձերբակալելուց անմիջապես հետո Ֆեյսբուքում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը գրեց, որ Սամսոնյանը ձերբակալվել է խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս