Ես տեսնում եմ, որ այս ընդդիմությունը վաղն արտաքին քաղաքականությունն է փոխելու, դիվանագիտությունը. Արա Սահակյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը զրուցել է 1992-98թթ. ՀՀ խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանի հետ.

– Պարոն Սահակյան, տեւական դադարից հետո խորհրդարանում վերջին հարցուպատասխանը կրկին թեժ էր, դարձյալ օրակարգ բարձրացավ հին դիսկուրսը՝ ընդդիմությունը պիտի մնա՞ խորհրդարանում, հատկապես՝ երբ հանձնելու հերթը հասել է Տավուշին, թե՞ իշխանության դեմ պայքարում այլ գործիքակազմ է պետք։

– Որպես ընդհանրական մոտեցում՝ ասեմ․ սկզբունքորեն կողմ եմ, որ խորհրդարան անցած ուժերն առավելագույնս օգտագործեն ԱԺ հնարավորությունները` կառավարության գործունեության վրա ներազդելու եւ այն վերահսկելու, ինչպես նաեւ իրենց մոտեցումները տարածելու եւ կառավարությանը պարտադրելու նպատակով։ Հաճախ ընդդիմությանը մեղադրում ենք, թե չունի ծրագրեր։

Չընկնենք պատմության գիրկը, նշեմ ընդդիմության՝ մի քանի օր առաջ հրապարակած հայտարարությունը, որով պահանջում է կառավարությունից` գործուն միջոցներ ձեռնարկել Բաքվում գտնվող հայ գերիներին (իմ կարծիքով՝ պատանդներին) հայրենադարձելու համար: Սա հենց ընդդիմության ծրագիրն է, եւ նա ժողովրդին պարզ ասում է՝ երբ գամ իշխանության, սա կատարելու եմ: Ահա՛ քեզ ծրագիր։

Այնպես որ, խորհրդարանում գտնվող ուժերը թե՛ օրակարգ հարցեր բերելով, թե՛ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ հարցուպատասխանով, ելույթներով, թե՛ կառավարության հետ բանավեճի, թե՛ հայտարարությունների ժամին իրենց ծրագրային դրույթներն են ներկայացնում: Այդ մեր խնդիրն է` դրանք ի մի բերելով ստանալ այն ծրագրերի համապատկերը, որն իրականացնելու է վաղն իշխանության եկող (անպայման գալու է) այսօրվա ընդդիմությունը: Ես տեսնում եմ, որ այս ընդդիմությունը վաղն արտաքին քաղաքականությունն է փոխելու, դիվանագիտությունը։ Հասարակ բան` եթե այս փոքրամասնությունը վաղը գա իշխանության, ի՞նչ եք կարծում՝ ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիայի դեսպանը հատուկ կապով կարողանալո՞ւ է զանգել վարչապետին կամ որեւէ նախարարի: Եթե զանգեն, նրանց մեկընդմիշտ կբացատրվի մեր ներքին գործերին միջամտելու փորձերի անթույլատրելիությունը:

Կվերադառնանք միջպետական շփումների ընդունված ձեւաչափերին` բացառելով կառավարության վրա ծածուկ թելադրանքը։ Ես հավատում եմ այն տարածված տեսակետին, որ այս իշխանությունն ուղղորդվում է որոշ դեսպանատների, ինչպես նաեւ եվրոպական կառույցների կողմից: Դա կոչվում է արտաքին կառավարում։ Դառնանք ընդդիմությանը: Թողնել խորհրդարանական դիմադրության հսկայական հնարավորությունները եւ դուրս գալ փողո՞ց: Չգիտեմ․․․ Սուվերեն ընդդիմությունը չի կարող այս իշխանությանը փողոցով քշել: Ճիշտ է, համբերության բաժակը լցվել է, դանակը հասել է ոսկորին, հասարակությունն ալեկոծվում է: Բայց թե երբ կհանգչի այս հիվանդ իշխանությունը, որն ապրում է արհեստական դեղամիջոցների եւ սարքերի շնորհիվ, հայտնի չէ:

Պատմությունը գիտի դեպքեր, երբ օրգանիզմը գոյատեւում է բույսի վիճակում: Մեր հիվանդի կյանքը շարունակվում է արեւմտյան քաղաքական, բարոյական, նյութական աջակցության հաշվին: Դրամաշնորհներ, բանաձեւեր, հայտարարություններ, փոխայցելություններ, ընդդիմության անտեսում եւ այլն։ Հավաքական Արեւմուտքը Հայաստանում իշխող ռեժիմի ծծատուն է:

– Ուզում եք ասել, որ մանդատները վայր դնելը քաղաքական ճգնաժամ չի՞ առաջացնի։

– Քաղաքական ճգնաժամն ավելի հեշտ է առաջացնել խորհրդարանի եւ փողոցի ճնշման զուգակցումով։ Խորհրդարանից դուրս կան գործուն ուժեր, որոնց հետ հարկ է գործակցել։

Մանդատներից հրաժարվելու խոսակցությունը ժամանակ առ ժամանակ նորոգվում է, բայց այդ քայլին դիմելու ծանրակշիռ հիմքեր չեմ տեսնում: Միակ դեպքն ընդդիմությունը ձեռքից բաց թողեց: Ժամանակին պետք է արվեր` 2021-ին, երբ ԱԺ դահլիճում բռնություն կիրառվեց խորհրդարանական փոքրամասնության նկատմամբ` կազմակերպված, կառավարության գլխի հովանու ներքո:

Ափսոս, որ հաղթեց ընդդիմության տղայական թեւը, դարձրին «թասիբի հարց» ու որոշ ժամանակ անց հատ-հատ հեռացան: Քաղաքական մեծամասնությունը կհայտնվեր օրենքից դուրս վիճակում, եթե ընդդիմությունը գործը խելացի առաջ տաներ: Երբ ԱԺ-ում ընդդիմության գործունեությունից դժգոհում ենք, պետք է հասկանանք՝ 21-ի օգոստոսին իշխանության արածը ստորություն էր, բարոյական ծանր հարված: Ինչքան ժամանակ էլ անցնի, այն պետք է թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական ստանա:

Աններելի արարք էր: Այդկերպ է արդեն քանի տարի մեզ հետ վարվում Ալիեւը` բռի կերպով, առանց բարոյական զսպանակների` գործի դնելով իր թվական առավելությունը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս