![](/banners/BeFunky-design.jpg)
Բելառուսի խնդրանքով Հայաստանում կալանավորված Նովիկովը քաղաքական ապաստան կստանա երկրում. հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Տիխանովսկայան
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/Al.jpg)
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է բելառուսցի Յարոսլավ Նովիկովի հարցը, որը մարտի 17-ին կալանավորվել էր Բելառուսի ուժայինների պահանջով։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ Նովիկովը քաղաքական ապաստան է ստանալու երկրում, ինչի մասին pozirk.online-ին հայտնել է Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը։
Յարոսլավ Նովիկովը չի կարողացել Բուլղարիայի այցագիր ստանալ Վրաստանում, ուստի 2024 թվականի փետրվարի սկզբին ստիպված է եղել գալ Հայաստան։ Նրան կալանավորել են, քանի որ երիտասարդը Բելառուսի պահանջով ընդգրկվել էր ԱՊՀ միջպետական որոնողական տվյալների բազայում։ Հայրենիքում երիտասարդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինծառայությունից խուսափելու համար։
Դատարանը Նովիկովին կալանքի տակ է վերցրել՝ հետագայում Բելառուսին հանձնելու համար, իսկ վերաքննիչ դատարանը օրինական է ճանաչել նրա կալանքը։ Հայաստանի գլխավոր դատախազը Մինսկից փաստաթղթեր է ստացել, որոնց համաձայն՝ Բելառուսի իրավապահ մարմինները պահանջում են արտահանձնում։ Նովիկովը դիմել է Հայաստանի իշխանություններին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: