
Իտալիայի վարչապետը 100.000 եվրո փոխհատուցում է պահանջում

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին 100.000 եվրո փոխհատուցում է պահանջում իր մասնակցությամբ «դիփֆեյք» (deepfake) տեխնոլոգիայի կիրառմամբ համացանցում պոռնո տեսանյութեր տարածելու համար։ Մելոնին պետք է հուլիսի 2-ին այս գործով ցուցմունք տա Սարդինիայի Սասսարի քաղաքի դատարանում:
Այս մասին գրում է BBC-ն՝ պարզաբանելով, որ «դիփֆեյք»-ն այն պատկերն է, որտեղ մի մարդու դեմքը թվայնորեն ավելացվում է մյուսի մարմնին:
Տեսանյութերի հեղինակները 40-ամյա տղամարդը ու նրա 73-ամյա հայրն են, որոնց ոստիկանությունը կարողացել է հայտնաբերել՝ հետևելով նրանց բջջային սարքին, որի միջոցով տեսանյութերը ներբեռնել են համացանցում։
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ԱՄՆ-ի պոռնոգրաֆիկ կայքում տեղադրված այդ տեսանյութերը մի քանի ամսվում իլիոնավոր դիտումներ են ունեցել։
Մելոնիի փաստաբան Մարիա Ջուլիա Մարոնգիուն նշել է, որ պահանջվող 100.000 եվրո գումարը «խորհրդանշական» է, և փոխհատուցման պահանջը «մեսիջ է ուղարկելու կանանց, ովքեր զոհ են դարձել այս տեսակի չարաշահմանը»:
Եթե դատարանը բավարարի վնասի փոխհատուցման իրենց պահանջը, ապա, ըստ փաստաբանի՝ վարչապետը այն ամբողջությամբ կնվիրաբերի տղամարդկանց բռնության զոհ դարձած կանանց աջակցության հիմնադրամին: