
«Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր» սկզբունքով հերթական նենգ դավադրությունն է նախապատրաստվում. Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել

Հայոց համազգային կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանի գործող վարչախմբի ղեկավարը բացեիբաց հայտարարում է, որ պատրաստվում է Տավուշի մարզի 4 գյուղերը անհապաղ հանձնել Ադրբեջանին։
Հողատուի հակահայկական հերթական մտադրությունը պատճառաբանվում է շանտաժով, թե «հակառակ պարագայում պատերազմ կլինի, Ադրբեջանը ուժով կվերցնի, իսկ մենք չենք կարող դիմակայել»:
Զուգահեռաբար իշխանական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է արդարացնել վարչախմբի ղեկավարի հերթական միակողմանի զիջումները։
Ներկայիս վարչախմբի ղեկավարը ևս մեկ անգամ փաստում է, որ նա մեզանից մեկը չէ։
«Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր» սկզբունքով հերթական նենգ դավադրությունն է նախապատրաստվում։ Բոլորիս աչքի առաջ Հայաստանի տարածքները նվիրաբերվում են թշնամուն։
Հողատուի այս զիջմամբ վերանալու է 3-րդ բանակային կորպուսի պաշտպանական գիծը։ Եվ սա միայն սկիզբն է լինելու, ու դժվար չէ հասկանալ Ադրբեջանի հետագա գործողությունների տրամաբանությունը։
Ավելին՝ ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, գործող վարչախմբի առաջնորդի հաջորդ նվերը Ադրբեջանին լինելու են Գեղարքունիքի մարզի երկու գյուղերը, ինչի արդյունքում թշնամին անմիջական ելք է ունենալու Սևանա լիճ։
Փաստացի կյանքի է կոչվում Սևանա լճի ափին թեյ խմելու Ալիևի վաղեմի երազանքը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր բոլորիս գլխավերևում առկախված արհավիրքը բացահայտ նշանակում է պետականության կորուստ։ Կորցնում ենք բոլորս։
Առաջիկայում կտեղեկացնենք Հայոց համազգային միասնություն կուսակցության ձեռնարկելիք գործողությունների մասին»։