Ռուսաստանը «ցանկանում է պատժել» Հայաստանին. Ֆրանսիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին պատժել խաղաղության ցանկության և սեփական ինքնիշխանության նկատմամբ հարգանքի համար։ Այս մասին գրում է lefigaro.fr կայքը:
«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին անպատժելիության դեմ պայքարի ուղին ընտրելու և Միջազգային քրեական դատարանին միանալու համար և պարզապես այն պատճառով, որ նա ընտրել է ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»,- հավելել է նա
Գաբրիել Աթալը նաև քննադատել է Ռուսաստանի «ինքնագոհ դիրքորոշումը, որը չի դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում և «իրականում հավանություն է տվել» դրան:
«Այսպես կոչված «խաղաղապահ» ռուսական ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամ տեղի ունենա»,- ասել է նա՝ հավելելով, որ այսօր մարտահրավերը Հայաստանին օգնելն է պաշտպանել իր անկախությունը, իր ժողովրդավարությունը, իր տարածքը։
«Այսօրվա խնդիրն է օգնել Հայաստանին պաշտպանել իր անկախությունը, իր ժողովրդավարությունը, իր տարածքը, մի խոսքով՝ իր ինքնիշխանությունը և պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը», – ասել է նա:
Գաբրիել Աթալը նշել է, որ Ադրբեջանից պահանջել է «հետ քաշել իր ուժերը Հայաստանի գրավյալ դիրքերից»՝ շեշտելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «ինքն է ընդունել, որ ադրբեջանական ուժերն առաջ են շարժվել Հայաստանի տարածքի մի քանի կետում»: