
Միհրան Պողոսյանի նորաստեղծ կուսակցությունն ակտիվանում է. կոշտ հայտարարություն է սպասվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն անթաքույց հայտարարում է Ադրբեջանի պահանջները կատարելու և Տավուշի մարզի չորս գյուղերը հանձնելու պատրաստակամության մասին: Այս թեմայով իրենց տեսակետներն են հայտնում տարբեր քաղաքական ուժեր:
«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, այսօր կամ վաղը բավական կոշտ հայտարարություն է տարածելու նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, Հայոց համազգային կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հայտարարության մեջ բավական կոշտ ձևակերպումներ ու որակումներ կան, մասնավորաբար՝ «նենգ դավադրություն», «հողատու» և այլն, ինչպես նաև նշվելու են այն վտանգները, որոնք սպասվում են վերոնշյալ զիջումների դեպքում:
Թերթի տեղեկություններով, առաջիկայում նորաստեղծ կուսակցությունը զգալի ակտիվություն է դրսևորելու և կոնկրետ գործողություններ է ձեռնարկելու»: