
ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Մարվան Իսան սպանվել է իսրայելական հարձակման հետևանքով

Իսրայելցի զինվորականները սպանել են ՀԱՄԱՍ խմբավորման զինյալ թևի առաջնորդներից մեկին՝ Մարվան Իսային։ Ինչպես տեղեկացնում է «BBC»-ին, այդ մասին հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Իսրայելը նախկինում պնդում էր, որ Իսան Գազայի հատվածում հարվածի թիրախ է եղել, սակայն չէր հաստատել նրա մահը։
«ՀԱՄԱՍ-ի հիերարխիայի երրորդ մարդը՝ Մարվան Իսան, սպանվել է իսրայելական գործողության ժամանակ: Մնացած բարձրագույն ղեկավարները, հավանաբար, թաքնվում են ՀԱՄԱՍ-ի թունելների ցանցի խորքում, բայց արդարության ձեռքը նրանց նույնպես կհասնի», – ասել է Սալիվանը ճեպազրույցի ժամանակ:
Նա հայտնել է նաև, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները չեն մեկնաբանել Իսայի մահվան մասին լուրերը: