
Վարազդատ Հարոյանը Կոսովոյին և Չեխիային ուժեղ մրցակիցներ է համարում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը Կոսովոյի և Չեխիայի հավաքականներին ուժեղ մրցակիցներ է համարում:
«Դեռ երկու օր է, ինչ միասին հավաքվել ենք: Քննարկել ենք Խորվաթիայի հետ նախորդ խաղը: Վաղվանից պատրաստվելու ենք Կոսովոյի դեմ խաղին: Երկու մրցակիցներն էլ ուժեղ են: Նույն խաղաոճի ֆուտբոլ են խաղում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարոյանը: Վերջինիս խոսքով` հավաքական եկած բոլոր ֆուտբոլիստները բարձր տրամադրություն ունեն ընկերական խաղերից առաջ:
Անդրադառնալով Ազգերի լիգայում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի շանսերին` Հարոյանն ընդգծեց. «Վերջին տարիներն մրցաշրջանի սկզբում խոսում ենք շանսերի մասին, սակայն չէի ուզենա հիմա այդ մասին խոսել: Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի, ամեն խաղի պետք է պայքարենք երեք միավորի համար»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 22-ին Երևանում կընդունի Կոսովոյի հավաքականին, իսկ մարտի 26-ին արտագնա մրցախաղ կունենա Չեխիայի հետ