
Հերթական անգամ կատարում ենք խորքային սխալ. աշխարհը դառնում է ասիակենտրոն, մենք դրա փոխարեն փրկություն ենք փնտրում Արևմուտքում. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Մեզ հետ տեղի ունեցողը ունի նաև քաղաքակրթական չափում:
Եթե համառոտ, ապա մենք կրկին դրսևորում ենք աշխարհաքաղաքական կոդերը ընթերցելու անկարողունակություն: Ու հերթական անգամ կատարում ենք քաղաքակրթական սխալ: Խորքային սխալ:
Աշխարհում սկսվել է աջ շրջադարձը: Մենք գնում ենք ձախ ուղղությամբ:
Աշխարհը վերաիմաստավորում է լիբերալիզմը (որն իրականում սպառվեց դեռևս Առաջին աշխարհամարտից հետո՝ ավելի ուշ փոխակերպվելով կոմպրոմիսային նեոլիբերալիզմի): Մենք նոր-նոր փորձում ենք դիրքավորվել լիբերալ արժեհամակարգում՝ միամտորեն կարծելով, որ դա որևէ մեկին կհրապուրի Արևմուտքում: Որն, իր հերթին, գնալով հեռանում է լիբերալիզմից: Սպասեք հունիսին կայանալիք Եվրախորհդարանի ընտրությունների արդյունքներին ու ինքներդ կհամոզվեք դրանում:
Աշխարհը դառնում է ասիակենտրոն: Մենք դրա փոխարեն փրկություն ենք փնտրում Արևմուտքում, որը որպես քաղաքակրթական, աշխարհաքաղաքական Պրոյեկտ սպառվել է: Իհարկե, լինելու է նորը: Բայց դրա համար ժամանակ է պետք:
Տպավորություն է, թե ապրում ենք 1990-ականներին, երբ հետխորհրդային լիբերալ տրանսֆորմացիան շատերի համար կրոնական դոկտրինի էր վերածվել:
Մինչդեռ աշխարհը փոխվել է, ուժերը՝ վերադասավորվել, մայրուղային կոնցեպտները՝ էապես խմբագրվել»,-գրել է նա: