Ալիևը վերանվանեց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը
Ադրբեջանի նախագահը որոշել է վերանվանել Ստեփանակերտի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակը։ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է այսօր Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում։
«Երկար տարիների ընթացքում այս հրապարակն ու այստեղ գտնվող շենքը անջատականների որջ էին հանդիսանում։ Հենց այս հրապարակում էին ստոր ծրագրեր խմորվում մեր ժողովրդի դեմ։ Հենց այս շենքից էին արձակվել Խոջալուի ցեղասպանության իրականացման հրամանները։ Իսկ այսօր այս հրապարակում մենք ենք կանգնած։ Ցանկանում են հայտնել իմ սիրելի ժողովրդին, որ այս հրապարակը ես անվանել եմ Հաղթանակի հրապարակ։ Այսուհետ սա Հաղթանակի հրապարակ կլինի», – ասել է Ալիևը։
Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից հեռարձակված ուղերձում Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է նաև սեպտեմբերին Արցախի դեմ ձեռնարկված հարձակմանը՝ նշելով․
«Ցավոք սրտի, երկրորդ ղարաբաղյան պատերազմից Հայաստանն այդպես էլ դասեր չքաղեց։ Եթե նրանք անեին դա, ապա հակաահաբեկչական գործողության կարիքը չէր ծագի»:
Ալիևը՝ պնդել է, թե հայկական կողմը ցանկանում էր «հավերժ այստեղ թողնել անօրինական զինված կազմավորումները, պահպանել նախկինում անօրինականորեն ստեղծված այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը»։