Իշխանությունը կա՛մ զրո է, կա՛մ լավ էլ գիտի՝ 1 տոննա կոկաինն ո՞վ բերեց և ո՞ւր պետք է տաներ. Խամոյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը շրջանառության մեջ է դրել օրինագծերի մի փաթեթ, որով առաջարկում է նախաքննական և հանցագործությունների դեմ պայքարի լիազորություններով օժտված մարմինների ծառայողների, մասնավորապես՝ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ), Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ), Հակակոռուպցիոն կոմիտեի, ինչպես նաև դատախազների և քննիչների կողմից տարեկան պատահականության սկզբունքով 2 անգամ թմրանյութերի և հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու թեստավորում։
Նախագծով առաջարկվում է նաև նշված մարմինների աշխատակիցների համար վերջիններիս կողմից թմրանյութ օգտագործելու փաստի հաստատման դեպքում նրանց ազատել աշխատանքից:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում օրենսդրական կարգավորման հեղինակ Ագնեսա Խամոյանը շեշտեց՝ այս նախագիծը ծնվել է՝ հաշվի առնելով թմրամիջոցների տարածվածության աճող ծավալները, իսկ դրանք այս աստիճան անհանգստացնող են, որովհետև, իր բնորոշմամբ, դրա դեմ պայքարն է թերի և անարդյունավետ, ավելին, նման ծավալների հնարավոր չէ հասնել՝ առանց իշխանության մեջ գտնվող անձանց տանիք հանդիսանալու հանգամանքի։
«Որքան էլ որ ինձ փորձեն ուժայինները համոզել, թե դաշտն անվերահսկելի է, ես դրան չեմ հավատում։ Հնարավոր է պայքարել, եթե չկան իշխանության կազմում շահագրգիռ մարդիկ, մարդիկ, որոնք ունեն իշխանություն՝ նման հանցագործների համար դուռը բաց թողնելու համար»,- ասաց Խամոյանը։
Վերջինիս դիտարկմամբ՝ այս լուծումը կլինի սկիզբը, եթե իշխանական պատգամավորները դրան կողմ քվեարկեն, ինչին կհաջորդի արդեն նաև պատգամավորներին պարտադիր թեստավորման ենթարկելու մասին նախագիծ։
«Ռադիկալ մեթոդներ են պետք. պետք չէ ոչ մի բանի առաջ կանգնել։ Պետք չէ ոչ մի բանից վախենալ։ Պետք է շրջանակն ավելի ընդլայնել և ներառել պատգամավորներին, նախարարներին և քաղաքականություն մշակող այլ պաշտոնյաների»,- ասաց Խամոյանը՝ ընգծելով՝ նման լուծումներն առավել հրատապ են դառնում, հատկապես, երբ տեսնում ես, որ 1 տոննա կոկաինն այս իշխանության օրոք հասնում է Երևան, ու այդ ճանապարհային շղթան ու դերակատարները մնում են չբացահայտված։
«Փաշինյանի իշխանության օրոք 1 տոննա կոկաին են բերել Երևան, իրեն չի՞ հետաքրքրում, թե այդ բեռն ինչպե՞ս է հատել սահմանը։ Այստեղ կարելի է անել հետևյալ հետևությունը՝ կա՛մ իրենք այնքան ապաշնորհ են և որպես իշխանություն՝ զրո, որ իրենց կողմից իբրև թե հետախուզման մեջ գտնվող մարդը կարողանում է քաղաք Երևան մեկ տոննա կոկաին բերել, ինչպես իրենք են պնդում, կա՛մ ամեն ինչից էլ լավ տեղյակ են»,- ասաց Խամոյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։