«Հավաքական Արևմուտքն ինքնիշխանության սատարող էր, թող Արցախի անկախությանը սատարեր, ոչ թե սեփական քավորությամբ Պրահայում եւ Գրանադայում Արցախը հայտարարեն Ադրբեջանի մաս»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը չպետք է դառնա միաբեւեռ աշխարհի ջատագով։

Մինչեւ մեր քաղաքական միտքը մի քանի պարզ ճշմարտություններ չգիտակցի՝ սայլը տեղից չի շարժվելու։

Ո՞րն է հետխորհրդային տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառը։

ՆԱՏՕ-ն եւ Արեւմուտքը ցանկացել են միաբեւեռ աշխարհ ստեղծել ու այդ պատճառով Ռուսաստանի սահմանների երկայնքով «լարվածության օջախներ», «գունավոր հեղափոխություններ» են կազմակերպել, իսկ որտեղ հնարավոր է հակառուսական ռեժիմներ կարգել։

Դասական իմաստով չկա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն, այլ կա Ռուսաստան-Արեւմուտք հակամարտություն, որի ավարտը չի երեւում։

Արեւմուտքը խոսում է Ուկրաինայի ինքնիշխանությունից, բայց հենց ինքն է մսխել նրա ինքնիշխանությունը՝ դարձնելով վասալ եւ հակառուսական պլացդարմ։

Բայց Արեւմուտքում նախընտրում են դա անվանել «ինքնիշխանության համար պայքար»։

Ի՞նչ ինքնիշխանություն։

Առնվազն զավեշտալի է Արեւելյան Եվրոպայի երկրների տոտալ «արեւմտականացումն» անվանել ինքնիշխանություն։

Արեւմտյան Եվրոպան կորցրել է վաղուց իր ինքնիշխանությունը՝ դառնալով ԱՄՆ փաստացի արբանյակ։

Հավաքական Արեւմուտքն ինքնիշխանության սատարող էր, թող Արցախի անկախությանը սատարեր, այլ ոչ թե սեփական քավորությամբ Պրահայում եւ Գրանադայում Արցախը հայտարարեն Ադրբեջանի մաս։

Ինտերվենցիայի դեմ պայքարող էին, թող Կիպրոս թուրքական ինտերվենցիայի դեմ պայքարեին։

Հաջորդ քարոզչական փուչիկը հետեւյալում է,թե Հայաստանը պետք է սատարի «ժողովրդավարական Արեւմուտքին» ՌԴ-ի դեմ պայքարում։

Դա դասական իդիոտիզմ է։

Չի կարելի դառնալ հավաքական Արեւմուտքի քարոզչության հերթական զոհը՝ դառնալով հակառուսական պլացդարմ։

Հայաստանը չպետք է դառնա միաբեւեռ աշխարհի ջատագով։

Հազար եմ ասել, Ռուսաստանի հետ դաշինքն այլընտրանք չունի։

Այլընտրանքը՝ Թուրքիան է, որը հայ ժողովրդի գոյության ու անկախ ապրելու գլխավոր սպառնալիքն է»։

Տեսանյութեր

Լրահոս