
Ռուսաստանցի կենսաբան Անդրանիկ Մանուկյանը բալթյան սաթի նմուշում հնագույն կրետի նոր տեսակ է հայտնաբերել

Կալինինգրադում գտնվող Ռուսաստանի միակ Սաթի թանգարանի գիտական բաժնի աշխատակից, կենսաբանական գիտությունների թեկնածու Անդրանիկ Մանուկյանը թանգարանի հավաքածուի բալթյան սաթի նմուշում հնագույն կրետի նոր սեռ և տեսակ է հայտնաբերել, տեղեկացրել է թանգարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2023 թվականին լատինական Poemeniinae անվանումով ենթաընտանիքի այս բրածո ներկայացուցչի հայտնաբերման նկարագրությունը հրապարակվել է Հնէաբանական ամսագրում։
«Սեռն իր անունը ստացել է անգլերեն amber (սաթ) բառի և ենթաընտանիքի լատիներեն անվանման՝ Amberpoemenia համադրությամբ։ Նոր տեսակն անվանվել է ականավոր ռուս հնէաբան և «սաթի» ֆաունայի գիտակ Ալեքսանդր Գեորգիևիչ Կիրեյչուկի պատվին (ՌԳԱ Կենդանաբանական ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգ):
Հետազոտությունները ցույց են տվել, որ Amberpoemenia kirejtshuki-ն լավ հարմարվել է «սաթի» անտառի կենսապայմաններին և միջատներ է որսացել, որոնք սնվելիս են եղել սաթակիր ծառի փայտով»,- գրում է Սաթի թանգարանը: