ԱՄՆ-ն 23 մլրդ դոլարի F-16 կործանիչ է վաճառել Թուրքիային
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքն ամերիկյան «MSNBC» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է Թուրքիա-ԱՄՆ հարաբերություննին, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի և Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ իրականացվող հարձակումների համատեքստում Թուրքիայի պահվածքին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ Թուրքիան թե Ուկրաինայում և թե Պաղեստինի Գազայի հատվածում տեղի ունեցող պատերազմների ուղիղ կենտրոնում է:
«Նրանք էլ մեր պես աջակցում են այն լուծմանը, որը ենթադրում է երկու պետության ստեղծում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մենք միասին կաշխատենք: Եթե Թուրքիայի պես տարածաշրջանային ուժերն իրենց դերը չկատարեն, ապա Գազայում լուծման հասնելը դժվար կլինի»,-հավելել է դեսպանը:
Իսկ ռուս-ուկրաինական պատերազմին անդրադառնալով՝ Ֆլեյքն ասել է, որ Թուրքիայից Ուկրաինա մատակարարվող հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) շատ կարևոր դեր ունեն:
«Ռուսական ռազմանավերը Սև ծովից հեռու պահելու համար էլ (Թուրքիան) վկայակոչել է Մոնտրոյի կոնվենցիան (Մոնտրյոյի կոնվենցիան նեղուցների կարգավիճակի մասին)»,- ընդգծել է Ֆլեյքը:
Բացի այդ, հիշեցնելով Թուրքիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը, Թուրքիային համարել է դաշինքի անդամ պետությունների մեջ ամենաուժեղ ռազմաօդային ուժեր ունեցող երկրներից մեկը:
«ՆԱՏՕ-ում Թուրքիան մեզանից հետո ամենաուժեղ բանակն ունի»։
Իսկ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին անդրադառնալիս՝ դեսպանն ընդգծել է երկու երկրների միջև որոշակի խնդիրների առկայությունը, սակայն դրանք հետագայում լուծվել են:
«Ավելի ուշ ԱՄՆ Կոնգրեսը Թուրքիային 23 մլրդ դոլար ընդհանուր արժեքով F-16 կործանիչերի վաճառք իրականացրեց: Սա շատ կարևոր է Թուրքիայի հետ համատեղ աշխատելու կարողունակ վիճակում մնալու տեսանկյունից»,- եզրափակել է ամերիկացի դիվանագետը: